Պերճ Պռոշյան-185

Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը հայ դասական ռեալիստական արձակի մնայուն արժեքներից է: Իր վեպերում հայ գյուղը նա ներկայացրել է 
ամբողջական պատկերով՝ սոցիալական տեղաշարժերով, 
բարքերի աղավաղմամբ և ավանդական կենսափիլիսոփայությամբ:
 
Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում, 1856 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857 թ-ին վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859 թ-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ: 
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863 թ-ին գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում`  օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81 թթ-ին աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: Մինչև 1879 թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81 թթ-ին եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860 թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» (1863–64 թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876 թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն: 
Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879 թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:
«Ցեցեր» (1889 թ.), «Բղդե» (1890 թ.), «Հունոն» (1901 թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման: 
Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883 թ.), «Սկիզբն երկանց» (1892 թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր` հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:
Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները: 
Պռոշյանը թարգմանել է Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Օստրովսկու, Չառլզ Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Պռոշյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1985 թ., Հայֆիլմ) գեղարվեստական կինոնկարը:
Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ, ԼՂՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ՝ ՀՀ Կոտայքի մարզում: 1948 թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:

Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն» իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։

Պռոշյանի գլուխգործոցը հանդիսացող «Հացի խնդիրը» վեպը լույս է տեսել 1879–ին «Փորձ» ամսագրում: Այս վեպը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ընբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջինի հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։

Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ Իր աշխարհայացքով Պռոշյանը գյուղացիական դեմոկրատ էր։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Պռոշյանի ստեղծագործությունը մի համակ եղերերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։

Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»–ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 40-50–ական թթ. ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։

Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։

   «Նրա (Պռոշյանի) երկերում ամենուրեք արտահայտվել է ափսոսանքի զգացում դեպի անցնող կյանքը, մի ջերմ համակրանք դեպի անցած մարդկանց հիշատակը, մի սենտիմենտալ կարեկցանք դեպի քայքայվող նահապետական գյուղը»:
Սերգեյ Սարինյան, 
գրականագետ

   «Պռոշյանի ստեղծագործությունը հատկանշվում է գեղարվեստական տեսահորիզոնի ընդարձակությամբ. գյուղական կյանքը նա դիտում էր բազմաճյուղ և տարաբնույթ կապերի մեջ՝ միացնելով սրան ժողովրդական սովորույթի, վարքի ու բարքի ընդարձակ ու գունագեղ նկարագրությունները»:
Կառլեն Դանիելյան, 
գրականագետ