Ուրուգվայական անկյան բացում` ընդհանուր ընթերցասրահում

«Թող ամեն մեկը պեղի իր ներսը. դա միակ տեղն է, ուր մարդը կարող է գտնել ճշմարտությունը: Ի՞նչ է գրականությունը, եթե ոչ՝ մի երկար ինքնախոստովանություն»: Խուան Կառլոս  Օնետտի

Գիրք նվիրելու օրը գրադարանը և՛ գրքեր նվիրեց, և՛ գրքեր նվեր ստացավ: Ուրուգվայական անկյունում ուրուգվայական դասականների մատենաշարի գրքերն են՝ Ուրուգվայի նվերը Ազգային գրադարանին:

«Ուրուգվայական գրականություն շատ-շատ եմ սիրում: Լատինաամերիկյան իմ առաջին գիրքը Խուան Կարլոս Օնետտիի «Անդունդը» վիպակն էր, որը կարդացի, երբ առաջին կուրսի ուսանող էի: Այդ ժամանակ ես տարված էի էքզիստենցիալիզմի գրականությամբ, Սարտր ու Կամյու էի կարդում, և զարմացա, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էին Սարտրի և Կամյուի գլուխգործոցները, Լատինական Ամերիկայում կար էքզիստենցիալիզմի աշխարհայացքը կրող այսպիսի հեղինակ: Հետագայում կարդացի ուրուգվայական այլ հեղինակների, բայց իմ ամենասիրելի գրողը մնում է Խուան Կարլոս Օնետտին»: Հայաստանի ազգային գրադարանում Ուրուգվայական գրականության անկյան բացման ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Արժեքավոր նվիրատվության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան հանրապետության հյուպատոս Ֆերնանդո Ռոսենբրոկին՝ Հրաչյա Սարիբեկյանը նշեց, որ կարևորում է առանձին ուրուգվայական անկյուն ունենալու գաղափարը. «Իսպանալեզու սքանչելի գրականության մեջ առանձնացված ուրուգվայական գրականությունը մեր գրադարան այցելող իսպանալեզու, իսպանախոս թարգմանիչներին հնարավորություն կտա տեղում ծանոթանալու ուրուգվայցի գրողներին, և հուսամ՝ սրանով մենք զարկ կտանք թարգմանական գործին: Տարիներ առաջ Իսրայելում ուրուգվայացի հրեայի հետ  ընկերացա, որից շատ ուրուգվայացի գրողների մասին իմացա և Հայաստան վերադառնալով ընթերցեցի Ֆելիսբերտո Էռնանդես, Ֆրանսիսկո Էսպինոլա, Մարիո Բենեդետտի, Օրասիո Կիրոգա, որին հայերեն կարդացել եմ այստեղ ներկա Կառա Չոբանյանի թարգմանությամբ, Օնետտիի այլ ստեղծագործություններ: Վարգաս Լյոսան Օնետտիի «Կարճ կյանք» վեպի մասին ասում էր, որ սա ընդհանրապես իսպաներենով գրված ամենակատարյալ ստեղծագործությունն է, և նրա հետ դժվար է չհամաձայնելՙ բայց պիտի խոստովանեմ, որ Օնետտիից իմ ամենասիրելի վեպը «Նավաշինարանն» է: Հիմա ես կարդում եմ Էդուարդո Գալեանոյի «Լատինական Ամերիկայի բացված երակները» գիրքը. այս անմահ ստեղծագործությունը պատմության մեջ մնալու է, ինչպես Բեռնալ Դիաս դել Կաստիլիոյի «Նոր Իսպանիայի նվաճման պատմությունը»: Ինչևէ, ես կարդում էի ուրուգվայական գրականություն և վաղուց Հայաստանում փնտրում էի մի ուրուգվայացու, որին իմ հիացմունքը կհայտնեի ուրուգվայական գրականությամբ: Եվ ահա պարոն Էդուարդո Ռոսենբրոկն ամիսներ առաջ եկավ Ազգային գրադարան, և տեսնելով իմ հիացմունքը ուրուգվայական գրականության հանդեպ, խոստացավ Ազգային գրադարանին նվիրել ուրուգվայական գրականության մի ամբողջ մատենաշար, և ահա մենք ստացանք այդ գրքերի առաջին խմբաքանակը»:

ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան հանրապետության հյուպատոս Ֆերնանդո Ռոսենբրոկը նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի ազգային գրադարանի այս նախաձեռնությունը, որը շատ կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ուրուգվայի համար: «Իսպաներենում մի շատ հետաքրքրիր արտահայտություն կա. սերը ծնվում է մանրուքներից և մեռնում է առանց մանրուքների: Շատ շնորհակալ ենք, որ փոքր երկրում ընդունեցիք մեկ այլ փոքր երկրի:Այս հավաքածուի շնորհիվ մենք մոտեցրինք փոքր երկրի մշակույթը մեկ այլ փոքր երկրի: Փոքր երկրների մեջ էլ պետք է լինի սեր և հարգանք, և այս հավաքածուի շնորհիվ Ուրուգվայն ուզում ձեզ տալ իր սերն ու հարգանքը: Այս հավաքածուի շնորհիվ, որն ստեղծվում է Ուրուգվայի և Հայաստանի ջանքերով, պատմության մեջ առաջին անգամ հայ ընթերցողը հնարավորություն կունենա բնագրով ծանոթանալու ուրուգվայցու մտածելակերպին, ապրելակերպին, լեզվամտածողությանը, թե ինչպիսին է նա երկրից դուրս ու երկրի ներսում, ընդլայնելու իրենց գիտելիքները Ուրուգվայի մասին: Այս փոքրիկ հավաքածուն անշուշտ կընդլայնվի: Իմ ներկայությունն այստեղ ապահովում է նաև հայկական սփյուռքի ներկայությունը, ինչպես նաև Ուրուգվայի գլխավոր անձանց ներկայությունը: Հայերն անշուշտ ծանոթ են Ուրուգվային շնորհիվ այն բանի, որ մեր երկիրն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  Շնորհակալ ենք այս ջերմ ընդունելության, մեր առջև դռները բաց ունենալու համար»,- ընդգծեց Ֆերնանդո Ռոսենբրոկը:

Թարգմանիչ Կառա Չոբանյանը տպավորված է Ուրուգվայական գրականության անկյան բացմամբ և ուրուգվայցի հեղինակներին բնագրով կարդալու հեռանկարով: «Ուրուգվայը համաշխարհային մեծության գրողներ ունի, որոնք անծանոթ են մեզ: Այդ բացը պետք է լրացնել գոնե ամենահայտնիներին թարգմանելով՝ Բենեդետտի, Օնետտի, Ֆելիսբերտո Էռնանդես: Իմ «Արդի իսպանալեզու պատմվածք»-ի նպատակն էր գոնե մեկ-երկու գործով ներկայացնել իսպանալեզու գրողներին: Առաջին հատորը լույս տեսնելուց հետո սկսել էի պատրաստել երկրորդը, որտեղ  2-ական պատմվածքներով ներկայացրեմ նաև Օնետտին և Էռնանդեսին, բայց ինչ-ինչ պատճառներով գրքի երկրորդ հատորն այդպես էլ լույս չտեսավ, գրեթե ամբողջովին պատրաստ՝ մինչև հիմա մնացել է դարակում: Եթե նույնիսկ մի օր ես այդ պատմվածքները տպագրեմ որևէ ամսագրում, միևնույն է, դա շատ քիչ է: Նշածս գրողները պետք է ներկայացվեն ամբողջական գրքերով: Նկատի ունենալով թարգմանական գործի մեծ թափը՝ ես լիահույս եմ, որ այդ բացը կլրացվի ոչ շատ հեռու ապագայում, և Ազգային գրադարանի Ուրուգվայական գրականության անկյունը ևս կնպաստի դրան»,- նշեց իսպանալեզու շատ գրողների՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի, Մարիո Վարգաս Լյոսայի, Կորտասարի, Ֆուենտեսի և այլոց հայերեն թարգմանիչը:

Վերադառնալ »