Որոգայթ փառաց

 Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը:
Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին։ Շնորհավորելով բոլորիս
Սահմանադրության ընդունման 25-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ՝ այսօր կներկայացնենք Սահմանադրության առաջին տպագիր նախագիծը՝ #ՈՐՈԳԱՅԹ_ՓԱՌԱՑ-ը: Շուրջ 250 տարվա պատմություն ունեցող գիրքը պահվում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրված է The Museum of Printing / Գրատպության թանգարանում:
📓Մասնագիտական գրականության մեջ եւ առհասարակ աշխարհում առաջիններից մեկը համարվող սահմանադրության նախագիծը տպագրվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Հակոբ Շահամիրյանի անվան տպարանում՝ ինչպես տիտղոսաթերթին է նշված 1773 թվականին: Հեղինակը ազգային-ազատագրական շարժման գործիչ
Շահամիր Շահամիրյանն է: Վերջինս Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից՝ հաստատվելով Մադրասում։
📓Գիրքը բաղկացած է 339 գծափակ էջից, տիտղոսաթերթը ևս գծափակ է, առկա են գլխազարդեր, զարդագրեր, վերջազարդեր, խաչ պատկերող զարդանկար և այլն: Այն բաղկացած է պատմական-տեսական մասից և 521 հոդված ներառող սահմանադրության նախագծից, որը մշակվելուց և հաստատվելուց հետո ստանալու էր օրենքի ուժ և գործադրվելու էր Հայկական նորաստեղծ Հանրապետության շրջանակներում։ Բավականին ընդգրկուն է «Որոգայթ փառաց»-ում քննարկված հիմնահարցերի տիրույթը։ Հակիրճ շարադրված է նաև հայոց պատմությունը։ Հեղինակը մերժում է կառավարման միապետական եղանակը՝ հիմնավորելով օրենքի թագավորության գաղափարը։ Ըստ Շահամիրյանի պետք է ստեղծել ընդհանուրի կամքն արտահայտող իշխանություն, որի գոր-ծողությունների մեջ դրսևորվի հասարակության շահը, ուստի ժողովուրդը պետք է հսկողություն սահմանի պետության գործունեության վրա։ Առաջնությունը տրվում է հանրապետությանը։
📚«Որևէ օրենք ընդունելուց առաջ պետք է լայն քննարկման դրվի և ապա միայն ընդունվի՝ ձայների պարզ մեծամասնությամբ․օրենքը պետք է համապատասխանի հայոց ազգի կամքին ու ցանկությանը»,- նշում է հեղինակը եւ հիմնավորում՝ ամբողջ իշխանությունը ելնում է ժողովրդից, պատկանում է ժողովրդին ու հաշվետու է նրա առաջ։ Խրախուսվում է մասնավոր ձեռներեցությունը, արհեստագործությունը և առևտրի զարգացումը: Որոգայթ փառացում մեծ ուշադրություն է հատկացված նաև ռազմական ուժերին, զինված ուժերի կազմակերպմանը և այլն:
Սահմանադրությունը՝ «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»-ը:
📖Այն իրավաճանաչողական և գիտամեթոդաբանական առումով յուրովի ընդհանրացում է Հայ եկեղեցական կանոնագրքերի, ինչպես նաև Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբորանացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ երախտավորների բեղմնավոր գործունեության արդյունքները:
Մադրասի խմբակի անդամների աշխարհայացքի վրա մեծապես ազդել են նաև Օսմանյան կայսրության և Պարսկաստանի բռնապետություններին ենթարկված Հայաստանի ծանր դրությունը, ազատագրության հասնելու և ինքնուրույն, անկախ պետականություն ստեղծելու հայերի ձգտումը:
✍Գրքի համար հեղինակներն ընտրել են չափազանց բնութագրական և հիշողության մեջ տպավորվող խորագիր` «Գիրք, որ կոչի Որոգայթ փառաց»: Գրքում, մանավանդ Նախերգանքում և Ներածության բաժնում, մի
քանի անգամ բացատրվում է աշխատության նպատակը, այդ նպատակին հասնելու միջոցները, ինչպես նաև խորագրի իմաստը: Ըստ այդմ` «Որոգայթ փառաց»-ը պետք է ըմբռնել որպես փառասիրության կամ փառատենչության թակարդ՝ կալանքի ենթարկելու համար ամեն անկարգ գործ, կամայական ու բռնակալ մարդկանց` ուրիշների վրա իշխելու ցանկությունները սանձահարող օրենսգիրք ու սահմանադրություն, քանզի մարդկային ոչ մի անհատ իրավազոր չէ իշխելու ի վերուստ բանական բնությամբ օժտված մարդկանց վրա, բացի Արարչից:
📖Գիրքը բաղկացած է Նախերգանքից՝ ուղղված «պատվական» ընթերցողին, ընդարձակ Ներածությունից՝ պատմափիլիսոփայական մաս (առաջին հատոր), բուն Սահմանադրությունից (երկրորդ հատոր) և վերջաբանից: Ներածությունն սկսվում է աստվածաշնչյան ու պատմական հիշատակումներով: Անդրադարձ կատարելով հայ ժողովրդի պատմությանը՝ առավելապես ի դեմս Մովսես Խորենացու, հեղինակը փորձում է վեր հանել մեր ազգին պատուհասած դժբախտությունների բուն պատճառները և գալիս է այն եզրակացության, որ դրանք են՝ դավաճանությունը, կամայականությունն ու անարդարությունը, անօրեն իշխանավարումն ու անկարգությունը: Այստեղից հետևում է, որ եթե հայ ազգն ուզում է ապրել ազատ ու երջանիկ, իրագործել Աստծուց տրված առանձնաշնորհը, պետք է ստեղծի մի թագավորություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միակ թագավորը` օրենքն ու օրինականությունը: Օրենքներն են միայն հաստատուն հիմք մեր ազգի փրկության համար և միջոց՝ բարվոք կառավարելու հայոց ազգն ու աշխարհը:
Ըստ ԳՐԻԳՈՐ ԹԱՆԱՆՅԱՆԻ
📖«Որոգայթ փառաց»-ի թվային տարբերակը հասանելի է Ազգային գրադարանի առցանց շտեմարաննից հետեւյալ հղումներով՝

Վերադառնալ »