Շուշիի հայկական տպագրություն

📓📇Արցախում գրահրատարակչական գործունեության սկզբնավորումը և հետագա զարգացումը անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր ժամանակի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։
Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացված գրականության և պարբերական մամուլի ցուցադրությանը ներկայացված էին Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։
📚Ցուցադրությունն առանձնացված գրականությունը ներկայացված էր ըստ տպարանների՝ ժամանակագրական կարգով։ Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Արմինե Մկրտչյանը խոսեց Շուշիի տպարանների գործունեության մասին և ներկայացրեց ցուցադրվող գրականությունը։
📚📰Անդրադարձ եղավ Ավգուստ Դիտրիխ և Ֆելիցիա Զարեմբա /Բողոքական միսիոներների/ տպարանին, որը գործել է 1827թ. մինչև 1833թ-ը, Սրբազան մետրոպոլիտի Բաղդասարի տպարանին, որը կոչվել է նաև Ս.Էջմիածնի այնուհետև Հայոց հոգևոր տեսչության, Ղարաբաղի հոգևոր թեմի, Հայոց հոգևոր վարչության, Հայոց հոգևոր դպրոց և գործել է 1837-1902թթ.։
Ցուցադրությանը առանձնակի տեղ էր զբաղեցնում 1881 թվականին Շուշիում բացված «Միրզաջան Մահտեսի Հակոբյանի» տպարանի հրատարակությունների հատվածը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Առաջին անգամ առանձին գրքով այստեղ են լույս տեսել Րաֆֆու «Խենթը», Լեոյի «Վե՞պ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» արժեքավոր երկերը: Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»/1893թ./, Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի և այլոց գործերը։
📖📚1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Թեոդիկը Կ. Պոլսում հրատարակվել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը: 1912թ. Կոստանդնուպոլսում հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» ուշագրավ ուսումնասիրությունը ևս որոշ փաստեր է պարունակում Շուշիի տպագրական գործի և տպարանների մասին: «…ՇՈՒՇԻ առաջին անգամ տպագրական գործունէութիւն ունեցած են ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԻՍԻՕՆԱՐՔ…»,- նշում է Թեոդիկը։
📇📚1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականին։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Իսկ 1874 թվականից սկսած մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել 2 տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, որոնցից միայն 3-ը՝ ռուսերեն: Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհն» էր, որն անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան հետագա պարբերականները՝ «Հայկական հանդեսը» 1896-1916, «Ղարաբաղ» 1911-1912, «Միություն» 1913, «Միրաժ» 1913-1917, «Փայլակ» 1915- 1917, «Ծիածան» 1916, «Պայքար» 1916, «Նեցուկ» 1917, «Եռանդ» 1917, «Աշակերտ» 1917, «Ապառաժ» 1917, «Սրինգ» 1917, «Ղարաբաղի սուրհանդակ» 1919, «Արցախ» 1919, «Նոր կյանք» 1919, «Գյուղացիական կոմունա» 1920 և այլ պարբերականներ:
Շուշիի գրահրատարակչական գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել ե.գ.թ. Կարինե Ղուլյանի «Շուշիի տպագրության զարգացման պատմությունից» հոդվածը։

Վերադառնալ »