Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. Տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ օրերս հրատարակել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. Տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը:

Արժեքավոր այս աշխատությունը լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը: Գիրքը կազմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն, ՀՀ գրադարանների խորհրդի անդամ Տ. Արարատ քհն. Պողոսյանը, Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը եւ նույն բաժնի աշխատակից Գոհար Սարգսյանը. Խմբագիրն է Տ. Արարատ քհն. Պողոսյանը:

Աշխատությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Վեհափառ Հայրապետի 1951‒2019 թթ. տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ Վեհափառ Հայրապետի կենսամատենագիտությունը, որի միջոցով ինչպես մերօրյա հասարակությանը, այնպես և ապագա սերունդներին հնարավորություն է ընձեռվում` լավագույնս ճանաչելու և անկողմնակալ ու անաչառ կերպով արժանի գնահատական տալու ազգընտիր Վեհափառ Հայրապետի նախանձախնդիր և արդյունավոր 20-ամյա գործունեությանը:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար։

Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20 ամյակին։