Նշան Աբասյան. «Պետրիկոր» ժողովածուի շնորհանդեսը

-Ընկերներիս երկար խնդրանքներին տուրք տալով եմ համաձայնել նորից գիրք հրատարակելու։ Գրականագետներից մեկը մի անգամ ինձ ասաց. «Դու ստեղծում ես քո ուրույն աշխարհն ու ստիպում ընթերցողին տեղափոխվել-բնակվել այնտեղ»։ Հիմա արդեն շատ եմ վախենում դրանից. Չեմ ուզում՝ այդպես լինի…
📗Երկարատև դադարից հետո վերջապես գրական-ստեղծագործական ասպարեզ է վերադարձել ժամանակակից գրող, բանաստեղծ Նշան Աբասյանը: Այսօրվա մեր հանդիպման առիթը բանաստեղծի չորրորդ` «Պետրիկոր» ժողովածուի հրատարակումն է: Գիրքն ընթերցողին է ներկայացնում Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House հրատարակչությունը` «Արդի» մատենաշարով։ «Պետրիկոր»-ը մատենաշարի թվով 4-րդ գիրքն է։

Նշան Աբասյանը ներկայացրել է հայ մշակույթը տարբեր միջազգային ծրագրերում` Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում և այլուր։ 2012-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին։

📖Հեղինակի առաջին գիրքը «Երեքշաբթի»ն է, տպագրվել է 2007 թվականին, ապա 2010-ին, տպագրվել է «Ծիրանենի» ժողովածուն, իսկ 2015-ին, «Արմավ» հրատարակչությունը տպագրել է «Ուրիշ լռություն» բանաստեղծությունների ժողովածուն։

📖Նշան Աբասյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ռումիներեն։ 2019 թվականին «Ամռանը տանը կլինեմ…» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է ֆրանսերեն՝ Իդա Տեր Հարությունյան Սեկկալդիի և Տեր Արամ քահանա Ղազարյանի կողմից։

Գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը և գրող, արձակագիր, Էդիթ Պրինտ հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը ևս շնորհավորեցին հեղինակին։ Գրադարանի ընթերցողներից Իրինա Շախյանը կարդաց «Պետրիկոր»-ից մի քանի գործ։
📚Հեղինակը իր գրքերից նվիրեց նաև Հայաստանի ազգային գրադարանին։ Գրքերը շուտով հասանելի կլինեն #Ազգայինի_ընթերցասրահներում։

Վերադառնալ »