«Մշակ» Թիֆլիս (1872-1921 թթ.) -150 ամյակ. Գրիգոր Արծրունի

Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը Թիֆլիսում 1872-1921 թթ. հրատարակված «Մշակ» լրագրի հիմնադրման 150-ամյակին նվիրված «Մշակը» պատմության զուգահեռականներում» միջազգային գիտաժողովի շրջանակներում հանդես եկան փոխգործակցությամբ. գրադարանը գիտաժողովի աջակիցն է: Գիտաժողովը կայացավ հունիսի 14-15-ին Պատմության ինստիտուտում, որտեղ «Մշակը» գրադարանային հարցերի մասին» թեմայով զեկուցում ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ տիկին Հայկանուշ Ղազարյանը: Գրականության ցուցադրությունը և գիտաժողովի ամփոփումը  կատարվեց Հայաստանի ազգային գրադարանում. ցուցադրությունը՝ գրադարանի թամանյանական մասնաշենքի ցուցասրահներում, ամփոփումը՝ նախագահական դահլիճում: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանը ներկայացավ ողջույնի խոսքով: Կարևորեց «Մշակ»-ի դերը: Անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային գրադարանի և Պատմության ինստիտուտի համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ: Ներկայացվեց նաև նիշերի օպտիկական ճանաչման  (OCR) ծրագիրը և այլն: Ցուցադրված գրականությունը և հարակից այլ հարցերը ներկայացրեց Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչի ժ.պ. Մհեր Ղազինյանը: Ցուցադրված նյութերը տրամադրել են հետևյալ բաժինները. Մատենագիտություն և գրադարանագիտություն, Անձեռնմխելի գրականություն, Արվեստ և Գլխավոր գրապահոց: Թիֆլիսը՝ ներկայիս Թբիլիսին, համարվում է հայ տպագրության կարևոր կենտրոններից: Այս պարագան պետք է դիտարկել հայ-վրացական դարավոր պատմամշակութային և այլ բնույթի հարաբերությունների համատեքստում:

Հայ գրատպության պատմության հոլովույթը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի բազմադարյա պատմության իրողություններին: Հայկական տպագիր ժառանգության մեջ որպես սկզբնաղբյուր հույժ արժեքավոր է նաև հայ մամուլը, քանզի արտացոլում է հոգևոր-մշակութային, գիտակրթական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի      իրողություններ: Ընդգրկուն է հայ մամուլի տպագրավայրերի աշխարհագրությունը: Հայ մամուլի  հիմնահարցերի մասին գրվել են ուսումնասիրություններ և հոդվածներ. կազմվել են նաև մամուլի մատենագիտություններ: Ցուցադրված նյութերը տպագրվել են տարբեր քաղաքներում՝ Երևան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի), Ստեփանակերտ, Թիֆլիս      (ներկայիս Թբիլիսի), Վենետիկ, Վիեննա, Նյու Յորք, Բոստոն, Սոֆիա, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կահիրե, Կալկաթա և Ստամբուլ: Հայաստանի ազգային գրադարանի գրահավաքածուներում պահպանվում է     Գրիգոր Արծրունուն և «Մշակ» լրագրին առնչվող բազմաբնույթ գրականություն: Հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, հրատարակիչ, խմբագիր Գրիգոր Երեմիայի Արծրունին ծնվել է Մոսկվայում 1845 թ. փետրվարի 27-ին, վախճանվել՝ Թիֆլիսում 1892 թ. դեկտեմբերի 17-ին: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, նաև՝ Հայդելբերգի համալսարանը: Թղթակցել է մի շարք պարբերականների: 1872 թ. hիմնադրել է «Մշակ» օրաթերթը և եղել նրա ցկյանս խմբագիրն ու տնօրենը: Նա հեղինակել է վեպ, հոդվածների ժողովածուներ, հուշագրություններ, պատմվածքներ, ֆելիետոններ, ակնարկներ և այլն:

Նյութերը ցուցափեղկերում ներկայացված են ըստ որոշակի ընտրության և   տեսակավորման: Ներկայացված են «Մշակ» լրագրի տարբեր տարիների բնագրերի լրակազմեր: Օրինակ՝ 1872 թ. հունվարի 1-ին «Ծէրէթէլի և ընկ.» տպարանում լույս տեսած թիվ 1-ը և այլն: Ծանուցման մեջ տրվում է նաև մշակ բառի բացատրությունը: Նկատի է առնվում հանրօգուտ աշխատանք կատարող անձանց՝ ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր իմաստով: Մշակ բառը կիրառվում է զանազան իմաստներով, օրինակ՝ առաջադիմության մշակներ և այլն: Շեշտվում է նաև տեսական և գործնական մտքի, ինչպես նաև լեզվի մշակումը: Կարևորվում է ընթերցանության խթանումը, կենսական խնդիրների քննադատությունը և այլն:

Առաջին համարում նշված է, որ 1872 թ. «Մշակ»-ը հրատարակվելու է հետագա ծրագրով.

  1. Տէրութեան կարգադրութիւններ:
  2. Դատաստանական ժամանակագրութիւն:

III. Ներքին տեսութիւն:

  1. Արտասահմանեան տեսութիւն:
  2. Բանասիրական:
  3. Մատենագրութիւն:

VII. Ֆէլէտոն:

VIII. Առևտրական ժամանակագրութիւն:

Յայտարարութիւններ:

Ներկայացված են այլ լրակազմեր ևս: «Մշակ»-ի տպագրության 10-րդ    տարեդարձը (1881 թ., թիվ 1), «Ժողովրդական գրադարաններ և ընթերցարաններ» հոդվածաշարի առաջին հոդվածը (1890 թ. թիվ 68), Առաջին աշխարհամարտ (1915 թ., թիվ 101 ) 1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, (1918 թ., թիվ 101 ) և վերջին համա-րը (1921 թ., թիվ 43 ): Բավականին ընդգրկուն է «Մշակ»-ի էջերում արծարծված    թեմաների տիրույթը. հայագիտություն, ազգամիջյան ընդհարումներ, ազգային-ազատագրական պայքար, ազգային կրթություն, ազգային հարց, արևելյան հարց, ազգային սահմանադրություն, առևտուր, տնտեսություն, առողջապահություն, արհեստագործություն, ար-վեստ, գիտություն, գրականություն, գրադարան-ընթերցարաններ, թանգարաններ, բնություն, դավանաբանական հարցեր, ընտանեկան հարցեր, մանկավարժություն, պատմություն, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, տարբեր երկրների մասին տեղեկատվություն և այլն:

Ցուցադրված են նաև Գրիգոր Արծրունու հեղինակած գործերը, օրինակ՝    «Восточный вопрос. — Тифлис, 1876», «Լրագրության մասին.-Ե., 2003», «Նամակներ Փարիզից.-Ե., 2009», «Գրականություն, արվեստ, գեղագիտություն: Հոդվածն. Ժողովածու.-Ե., 2009», «Հրապարակախոսական հատընտիր.-Ե., 2010»  և այլն: Ցուցադրված են նաև Արծրունու մասին նյութեր, օրինակ՝ Լիդա Գևորգյանի «Գրիգոր Արծրունին և նրա «Մշակը».-Ե., 1996 », Լեոյի «Գրիգոր  Արծրունի: [Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը], Հ.1.-Թիֆլիս, 1902», Խաչատուր Մալումյանի «Մտքի մշակը: Գրիգոր Արծրունու գրական գործունէութեան 25-ամեակի առիթով.-Թիֆլիզ, 1890» :   Ներկայացված են նաև ուսումնասիրություններ «Մշակ»-ի մասին: Օրինակ՝ «Հայ պարբերական մամուլի պատմություն XVIII-XIX դարեր.-Գահիրէ, 2006», Լենդրուշ Ալոյանի «Մշակ» լրագրի հրապարակախոսությունը 1905-1921 թթ.-Ե., 2003 », «Հայ հասարակական միտքը «Մշակ» լրագրում: (1892-1905).-Ե., 2007», Սիմէօն Շահ-Նազարեանցի «Մշակ»-ը: (25 ամեակի առթիւ).-Մոսկուա, 1900», «Հայ գրատպություն և գրքարվեստ:  Հանրագիտարան.-Ե., 2015», «Հայ սփյուռք հանրագիտարան.-Ե., 2003», «Մշակ» լրագիր (Թիֆլիս) = Բովանդակության ցանկ 1872-1875, Պր.1 / Կազմ.՝ Մ.Հ. և Ա.Ս. Բաբայաններ, Փ.Հ. Խանզադյան.-Ե., 1975», «Մշակ» լրագիր (Թիֆլիս) = Բովանդակության ցանկ 1876-1878, Պր.2 /Կազմ.՝  Փ.Հ. Խանզադյան.-Ե., 1988», «Հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա, Հ.1 / Կազմ.` Հ.Պետրոսյան. – Ե., 1956», Mildanoğlu, Zakarya «Ermenice süreli yayinlar 1794-2000 / Հայ պարբերական մամուլը 1794-2000 = Armenian periodicals 1794-2000.- Istanbul, 2014»:

Ցուցադրված են նաև գիտական հայտնի հանդեսներում զետեղված հոդվածներ: Օրինակ, «Արարատ.-Ս.Էջմիածին, 1872, թիվ Ա», «Կրթությունը և գիտությունը Արցախում.-Ստեփանակաերտ, 2012, թիվ 3-4», «Բանբեր Հայաստանի արխիվների.-Ե., 1966, թիվ 3», «Բանբեր Երևանի Համալսրանի.-Ե., 2007, թիվ 2», «Պատմա-բանասիրական հանդես.-Ե., 1979, թիվ 4», «Բազմավէպ.-Վենէտիկ, 1898, թիւ 1», «Հանդէս ամսօրեայ.-Վիէննա, 1912, թիւ 6», «Литературная Армения.-Е., 1961, N 11»  և այլն: Ներկայացված է նաև հայտնի անհատների ինքնագրերով գրականություն:  Օրինակ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Կործանվածը.-Թիֆլիս, 1914», Եղիշե Չարենցի «Կապուտաչյա հայրենիք.-Թիֆլիս, 1915», Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ.-Կ.Պոլիս, 1913», Դանիել Վարուժանի «Սարսուռներ.-Վենետիկ, 1906», Լեոյի՝ «Ստեփանոս.-Թիֆլիս, 1902», Մաղաքիա Օրմանյանի «Հայոց եկեղեցին և իր պատմությունը.-Կ.Պոլիս, 1911» և այլն: Ցուցադրված են Թիֆլիսի քաղաքային տեսարաններ, ինչպես նաև Գրիգոր Արծրունու դիմանկարը: Նշանակալից է Գրիգոր Արծրունու ազգօգուտ գործունեությունը, իսկ նրա  հիմնադրած «Մշակ» լրագիրը կարևոր երևույթ է հայ լրագրության և առհասարակ հայ մամուլի պատմության մեջ: Ցուցադրության ներկայացված նյութերը Գրիգոր Արծրունի գործչի և «Մշակ»   լրագրի հանդեպ հայ բանասիրության, մատենագիտության և պատմագիտության մեջ դրսևորված մեծ հետաքրքրության վառ վկայությունն են: Հայ մշակույթի, գիտության ու կրթության նվիրյալների կյանքին ու գործունեությանը նվիրված, ինչպես նաև զանազան պատմամշակութային տարելիցների և իրողությունների առնչությամբ ցուցադրությունների կազմակերպումը և այլ ձևաչափերով տարբեր նախաձեռնությունների իրականացումն ունեն կարևոր նշանակություն ազգային ինքնության, գաղափարախոսության և արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև հայկական տպագրական քաղաքակրթության արժեքները հանրահռչակելու տեսանկյունից: Այս առումով կարևորվում է նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմական առաքելությունը:

 

 

Նյութի հեղինակ՝ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչի ժ.պ. Մհեր Ղազինյան