ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարսելի հայկական տպագրություն, հայերեն տպագիր երկերի հրատարակություն Մարսել քաղաքում՝ 17-րդ դար և 19-20-րդ դարեր։ 1673 թվականին Ոսկան Երևանցին, ֆրանսիական արքունիքից թույլավություն ստանալով, Ս․ էջմիածնի և Ս․ Սարգսի անվան տպարան-հրատարակչությունը Լիվոռնոյից փոխադրել է Մարսել։ Մարսելի տպարանի մյուս աշխատողներն էին Սողոմոն Լևոնյանը (Ոսկանի քեռորդին), Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը, Մկրտիչ Ջուղայեցին, Թադեոս Երևանցի Համագասպյանը, Նասիբ Գրիգորյանը։ Նույն՝ 1673 թվականին Ոսկանն սկսում է տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք աղօթից»-ը («Մատեան ողբերգութեան»), «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի» կամ «Ժամագիրք Ատենի» (երկուսն էլ առաջին հրատարակություն) և «Գիրք Սաղմոսաց Դաւթի»։ Կաթոլիկական գրաքննության պատճառով Նարեկացու երկի տպագրությունը մնում է անավարտ, իսկ ժամագրքինը ավարտվում է 1679 թվականին։ Տպարանը հրատարակում էր նաև աշխարհիկ գրքեր, որոնցից են «Գրկուկ կարեւոր հանապազորդեան» (Պարզատօմար, Լուսնացոյց և այլն, 1673), «Գիրք այբուբենից» (1675), «Գրգուկ կարեւոր հանապազորդեան» (1676), «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» (Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ը և Վարդան Այգեկցու առակները, 2-րդ հրատարակություն, 1683)և այլն։ Տպարանը 1675 թվականին լույս է ընծայում առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան», որ թվաբանականհաշվապահական ձեռնարկ է հայ վաճառականների համար։ Այստեղ է հրատարակվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» երկը (1674)։ Տպարանը փակվել է 1686 թվականին՝ 13 տարվա ընթացքում հրատարակելով 16 անուն հայերեն գիրք։ Մարսելում հայկական տպագրությունը վերսկսվել է 1862 թվականին, երբ Ճ․ Արամյանը իր տպարանը Փարիզից Կոստանդնուպոլիս փոխադրելիս 2 տարով հանգրվանել է այդ քաղաքում և զբաղվել գրահրատարակությամբ։ 19-րդ դարում Մարսելում գործող միակ հայ տպարանը պատկանում է Մկրտիչ Պորտուգալյանին, որ հիմնելով 1885 թվին, սկսում է հրատարակել «Արմենիա» լրագիրը: Բացի «Արմենիա»-ից, այս տպարանից լույս են տեսնում նաև հայրենասիրական բնույթի գրքույկներ: Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։ Մինչև 1967 թվականը Մարսելում գործել է մոտ 10 հայկական տպարան, դրանցում, ինչպես և տեղի ֆրանսիական տպարաններում հայերեն գրքերից բացի տպագրվել են շուրջ 30 անուն հայերեն պարբերականներ, այդ թվում՝ «Խթան», «Բանբեր», «Գեղարդ», «Ազատ խոսք», «Վերելք»։
19-րդ դարում Մարսելում գործող միակ հայ տպարանը պատկանում է Մկրտիչ Պորտուգալյանին, որ հիմնելով 1885 թվին, սկսում է հրատարակել «Արմենիա» լրագիրը: Բացի «Արմենիա»-ից, այս տպարանից լույս են տեսնում նաև հայրենասիրական բնույթի գրքույկներ: Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։

Վերադառնալ »