Մատենագիտության և գրադարանագիտության բաժին

Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը ստեղծվել է 1933թ. փետրվարի 19-ին, թիվ 15 հրամանով՝ տնօրեն Ազատ Մարտիկյանի անմիջական կարգադրությամբ: Բաժնի գործառույթները սերտորեն առնչվում են գիտական, հետազոտական աշխատանքի հետ՝ նպաստելով Ազգային գրադարանում պահպանվող ազգային հարստությունը հանրությանը մատուցելու կարևորագույն գործին: Բաժնի կառուցվածքում առանձնացված է 3 ենթաբաժին՝

1. Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվության ենթաբաժին

2. Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի ենթաբաժին

3. Գրադարանագիտության և տեղակատու մատենագիտության ենթաբաժին Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվության ենթաբաժնում մշակվում և քարտագրվում են Հայաստանի, նրա մարզերի, հայ ժողովրդի, սփյուռքահայ գաղթօջախների մասին պարբերական մամուլում և ժողովածուներում տպագրված հոդվածները: Ենթաբաժնում է գտնվում նաև անհատական քարտարանը, որը պարունակում է հայ մշակույթի նշանավոր գործիչներիպարբերական մամուլում տպագրված ստեղծագործությունները, թարգմանությունները, հարցազրույցները: Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի ենթաբաժնում կազմվել և հրատարակվել են «Հայ գիրքը» մատենագիտության 5 հատորները, որոնք պարունակում են հայերեն տպագիր առաջին գրքերից մինչև 1930 թ. հրատարակված գրքերի, նրանց բովանդակության, տպագրության և ներկայում գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական վիճակի մասին արժեքավոր տեղեկատվություն: 2016 թ. հրատարակվելու է վեցերորդ հատորը, ուր ներկայացված են 1931-1940 թվականներին հրատարակված հայատառ գրքերը: Այս ենթաբաժնում մշակվում են նաև սփյուռքահայ հայալեզու և այլալեզու մամուլի ու ժողովածուների հայագիտական հոդվածները: Գրադարանագիտության և տեղակատու մատենագիտության ենթաբաժնում մշակվում և քարտագրվում են աշխարհի տարբեր երկրների մասին պարբերական մամուլում և ժողովածուներում տպագրվող հոդվածները: Տեղեկատու գրականության ընթերցասրահն ունի հարուստ առձեռն ֆոնդ՝ 15.340 միավոր (գրքեր, տեղեկագրեր, տարեգրեր): Բաժնում ընթերցողներին տրամադրվում է բանավոր տեղեկատվություն ըստ իրենց հարցման և ուղղորդում, թե ինչպես կարելի է օգտվել պահանջված աղբյուրից: Համապատասխան հրահանգի դեպքում կազմվում է գրավոր տեղեկանքըստ թեմայի: Գրավոր տեղեկանքի մեջ նշվում է թեման, աղբյուրների քանակը, տեղեկանքը կազմողի անունը, կազմելու օրը, ամիսը, տարեթիվը և պատվիրատուի անունը: Տեղեկանքի մի օրինակը արխիվացվում և պահվում է բաժնում: Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական դաշտի զարգացումները՝ 2013 թվականից Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հոդվածները մշակվում են էլեկտրոնային ձևով ստեղծելով «Մամուլի հոդվածներ» էլեկտրոնային շտեմարանը: Greenstone ծրագրի միջոցով կատարվում են հոդվածների գրառումները, տրվում է համապատասխան մամուլի էլեկտրոնային կայքը՝ հոդվածը ընթեռնելի դարձնելու համար:
Բաժինը ստեղծում է տարաբնույթ թեմատիկ էլեկտրոնային շտեմարաններ, որոնցից են՝ «Արև» օրաթերթ», «Հայ տպագրության 400-ամյակ», «Հայ տպագրության 500ամյակ», «Տպարաններ և հրատարակչություններ», «Արցախյան շարժում», «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին», «Հայոց ցեղասպանությունը օտարալեզու մամուլում» և այլն: Սքանավորվում և թվայնացվում են համապատասխան նյութերը, ապա կատարվում է նյութի մատենագիտական նկարագրություն, տեղադրվում է PDF տարբերակընյութը ընթեռնելի դարձնելու նպատակով: Եթե հոդվածն ունի էլեկտրոնային աղբյուր, ապա տեղադրվում է համապատասխան աղբյուրը պահպանելով հեղինակային իրավունքը: Առանձնահատուկ է «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանը, ուր ներառվում են հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող գրքերը: Էլեկտրոնային շտեմարանները հասանելի են http://www.nla.am/ հասցեով: Տարվա կտրվածքով բաժնում ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ տարեվերջին առանձին գրքույկով ներկայացնելով դրանք: Յուրաքանչյուր տարի հրատարակվում է «Հիշարժան տարեթվեր» գրքույկը՝ ներկայացնելով հաջորդ տարվա ակնառու իրադարձություններն ու հոբելյանները: Էլեկտրոնային ձևաչափով կայքում դրվում են «Նոր գրքեր» հայերեն և օտարալեզու գրքույկները՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարան մուտք գործած նոր գրքերի ցանկերը: 1937 թվականից բաժնում կազմվում և հրատարակվոմ են արժեքավոր մատենագիտություններ, հանձնարարական ցանկեր, տեղեկատու ցանկեր, մեթոդական ձեռնարկներ, հիշարժան տարեթվերի օրացույցներ և այլն: Ընթացքի մեջ են հետևյալ մատենագիտությունները՝

1. «Հայ գիրք: 1931-1940»: Մատեագիտություն / Կազմ.՝ Ս. Գրիգորյան

2. «Մաղաքիա Օրմանյան»: Կենսամատենագիտություն / Կազմ.՝ Ս. Գրիգորյան

3. «Ավետիս Ահարոնյան»: Կենսամատենագիտություն /Կազմ.Ա. Դավթյան

4. «Եղիշե Չարենց»: Կենսամատենագիտություն /Կազմ.Ա. Դավթյան,Օ. Աղայան

5. «Հովհաննես Այվազովսկի»: Կենսամատենագիտություն /Կազմ.՝ Ռ. Թումասյան, Ս. Շիրվանյան, Լ. Վարդանյան

6. «Պալյան գերդաստանը»: Պոլսահայ ճարտարապետ Գրիգոր Պալյանի ծննդյան 250-ամյակի առթիվ: Մատենագիտություն / Կազմ.`Ա. Դավթյան Բաժնում կատարվում են թարգմանություններ՝ տարաբնույթ միջոցառումների, Գրատպության թանգարանի համար, կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ: Անցկացվում են մատենագիտական տեսություններ, հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների շնորհանդեսներ: Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ ամբարած հայագիտական և ոչ հայագիտական բնույթի ողջ տեղեկատվությունը հասանելի դարձնել ընթերցող հասարակությանը ավանդական և ժամանակակից բոլոր հնարավոր տարբերակներով: