Մասնակցություն «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ին

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը 2022թ. հունիսի 19-21-ը մասնակցել է «Եվրոպայի ազգային գրադարանների ամենամյա տարեկան ընդհանուր ժողով»-ին (CENL Annual General Meeting 2022)։ Հարկ է նշել, որ Հայաստանի ազգային գրադարանը հանդիսանում է «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) անդամ։

Համաժողովին ներկա էին ավելի քան 35 երկրների Ազգային գրադարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։ Ամենամյա տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ազգային գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության շրջանում և վերջիններիս ծագման պատմության կարևորությունը ժամանակակից հասարակությունների ինքնորոշման իրավունքի համար։ Միաժամանակ ժողովի պատվիրակների քննարկմանն է ներկայացվել «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) 2023-2027թթ. ռազմավարական ծրագիրն ու գործողությունների պլանը, որի շրջանակում քննարկվել են նաև ազգային գրադարանների կողմից սահմանված ռազմավարական առաջնահերթությունները։

«Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ին քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • «Եվրոպայի ազգային գրադարանների ամենամյա տարեկան ընդհանուր ժողով»-ի 2021թ. արձանագրության հաստատում. արձանագրությունից բխող հարցերի քննարկում,
  • «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) հաշվետվության ներկայացում և քննարկում. 2021թ. ֆինանսական հաշվետվության, 2022թ. բյուջեի թարմացման և 2023թ. նախատեսվող բյուջեի ներկայացում և քննարկում,
  • Ազգային գրադարանների դերի ու նշանակության քննարկում հասարակության շրջանում. իրավիճակը Ուկրաինայի գրադարաններում, ԵՄ թվային օրակարգը և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների պարտականությունները,
  • «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) 2023-2027թթ. ռազմավարական ծրագրի և գործողությունների պլանի ներկայացում. ազգային գրադարանների ռազմավարական առաջնահերթությունների քննարկում,
  • Գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից ստեղծված համաշխարհային գրեթե բոլոր գրադարանները ընդգրկող քարտեզի ներկայացում:

Աշխատանքային հանդիպումներ են կայացել տարբեր երկրների (Ալբանիա, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, էստոնիա, Շվեդիա, Իռլանդիա) ազգային գրադարանների տնօրենների և ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների միջև համագործակցությունը, որը դրական ազդեցություն կունենա գրադարանային ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։

Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ համատեղ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Հարկ է նշել, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից համաշխարհային գրեթե բոլոր գրադարանները քարտեզագրելու գործընթացին. պետք է փաստել, որ Հայաստանի դերակատարությունը միջազգային մակարդակում, աշխարհի գրադարանային քարտեզի վրա բավականին բարձրացել է։