Հրաչյա Աճառյան — 145

 

«…Աճառյանի բառարանները սոսկ բառարան չեն, այլ մի ողջ պետություն։ Փոքրամարմին այդ հսկան իր ողջ կյանքում 5100 բառի ստուգաբանություն է գրել, որոնց 80-90 տոկոսը փոփոխության չի ենթարկվել»,- իր խոսքում նշեց հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։
Այս տարի լրանում է ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-ամյակը:
Ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ, Ազգային գրադարանային շաբաթի ծրագրում ընդգրվեց նաև մեծ լեզվաբանի հոբելյանին նվիրված գրականության ցուցադրություն։
Ցուցադրությունը ներկայացրեց Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։

Աճառյանի գիտական ժառանգությունը ամփոփված է նրա ավելի քան 250 մեծ ու փոքր աշխատություններում: Ուսումնասիրել է հայագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայերենագիտության մի շարք ճյուղեր՝ հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն և այլն: Հետազոտել է հայերեն բարբառները, զբաղվել դրանց պատմության ու դասակարգման խնդիրներով, ստեղծել բարբառագիտական ուսումնասիրությունների իր մեթոդն ու տեսությունը:

Բացառիկ բարեխղճությամբ քննել է հայոց հին ձեռագրերը, կազմել տարբեր վայրերում պահվող ձեռագրերի ցուցակները: Զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության խնդիրներով, դրանց նվիրել մի շարք ուսումնասիրություններ՝ «Պատմություն հայոց նոր գրականության», «Տաճկահայոց հարցի պատմությունը», «Երվանդ Շահազիզ», «Տիկին Սրբուհի Տյուսաբ» և այլն: «Հայ գաղթականության պատմություն» աշխատությունը ունի գիտաճանաչողական մեծ նշանակություն: Հրաչյա Աճառյանի թողած տպագիր մեծարժեք աշխատություններին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարաններում։
https://is.gd/o7VeW8

Վերադառնալ »