Հանդիպում «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուի հեղինակ Լուկա Բարբաթի հետ

📕Վերջերս «Հայաստան» հրատարակչությունը տպագրել է սերբ գրող, փիլիսոփա, երաժիշտ և թարգմանիչ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուի հայերեն թարգմանությունը։ Այն հեղինակի հայերեն թարգմանված երկրորդ գիրքն է՝ «Հայերը և սերբերը» գրքից հետո։ Գրքի թարգմանիչն է ուսուցչուհի, բանաստեղծուհի Անուշ Բալայանը։
✔Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուի հեղինակ Լուկա Բարբաթի հետ։ Վերջինս պատմեց Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին, խոսեց հայ և սերբ ժողովուրդների բարեկամության, գրական-մշակութային կապերի մասին։
————————————————————————-
-Լուկայի արձակը ճշգրիտ և զտված է արտահայտում միտքը։ Այդ պատճառով էլ հեշտությամբ և բավարարության զգացումով է այն ընթերցվում։ Աշխարհը, որ մեզ ներկայացնում է Բարբաթը, թվում է հայտնի, ինչու չէ՝ մտերմիկ։ Նրանում ամեն ինչ վստահելի է, հատկապես՝ հերոսները, որոնք ներկայացվում են պատկերավոր,- իր խոսքում ասաց գրքի խմբագիր և հրատարակիչ Վահագն Սարգսյանը։
«Հայերը և սերբերը» գրքի համահեղինակ բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը Բարբաթի արձակը լեզվական առումով չափազանց հարուստ և պատկերավոր բնութագրեց։
Անուշ Բալայանը գրքից օրինակներ նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին։

Վերադառնալ »