Հանդիպում թարգմանչի հետ

Թարգմանել՝ նշանակում է ի վիճակի լինել ըմբռնելու յուրաքանչյուր բառի, մտքի, զգացմունքի նրբագույն երանգները և հաղորդակից դարձնել ընթերցողին։
Այսօր Ազգային գրադարանում բացված մանկական ֆրանսիական գրականության ցուցադրությանը զուգահեռ տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, թարգմանչուհի Նվարդ Վարդանյանի հետ։ Ավելի քան 50 թարգմանական գրքերի և 40-ից ավել հոդվածների հեղինակ Նվարդ Վարդանյանը հետաքրքիր զրույց-քննարկմանը ներկայացրեց գեղարվեստական թարգմանակ արվեստի առանձնահատկությունները։
 
1966 թվականից Վարդանյանը ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև Գեղարվեստական թարգմանություն և Ոճաբանություն առարկաները։ Թարգմանել է Ժ. Ժան Ռասինի, Ալֆոնս Դոդեի, Ֆրանսուազ Սագանի, Ստենդալի, Ի. Մինասի, Պոլ Էլուարի, Ժորժ Սանդի և ֆրանսիացի այլ հեղինակների ստեղծագործություններ։ Նվարդ Վարդանյանի թարգմանությունները տպագրվել են «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-դար», «Աստղիկ» և մի շարք այլ գրական-գեղարվեստական հանդեսներում։ Գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 2008 թվականի տպագրվում է «Բաց հանգույցներ» վեպը, որի ֆրանսերեն թարգմանությունը մեծ ճանաչում է բերել հեղինակին նաև Ֆրանսիայում։
 
Թարգմանել է նաև ‎‎ֆրանսիական քնարերգությունից (XIX-XX դդ.) (Ալֆոնս դը Լամարթին, Ալֆրեդ դը Մյուսե, Շառլ Բոդլեր, Պոլ Վերլեն, Լոթրեամոն, Էմիլ Վերհառն, Պոլ Վալերի, Իսկուհի Մինաս, Ժյուլ Սուպերվիլ, Ժան Պիեր Ժուվ, Սեն-Ժոն Պերս, Յանի Սևակ, Պիեր Ռևերդի, Մորիս Բլանշար, Պոլ Էլուար, Անդրե Բրետոն, Ֆրանսիս Փոնժ, Ռոբերտ Դեսնոս, Ժակ Պրևեր, Ռեյմոն Քընո, Ռընե Շար, Ալեն Բոսքե, Գիյվիկ, Ժորժ Բրասենս, Ժակ Բրել, Շառլ Ազնավուր), Մարսել Պրուստ «Կորուսյալ ժամանակի որոնումներում», Մորիս Մետերլինկ «Մեղուների կյանքը», «Խոնարհների գանձը», Վան Գոգի նամակները, Մորիս Մետերլինկի թատերգությունները և այլն։ Արդեն երրորդ անգամ «Անտարես» հրատարակչությունը վերահրատարակել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» կենդանի գիրքը։ Այս գիրքը տարբերվում է սովորական գրքերից. նկարիչ-դիզայներները՝ ծավալատարածական հրաշալի լուծումներով, ասես նոր կյանք են նվիրել գրքի յուրաքանչյուր էջին, կենդանացրել պատմության ամեն մի դրվագ ու տեսարան: Այստեղ աստղերն իսկապես պտտվում են, մոլորակները՝ շարժվում…
 
-Գեղարվետսական թարգմանությունը խոսքի արվեստ է, գեղարվեստական ստեղծագործություն. Այս գործողության ժամանակ մի լեզվի նյութը փոխարինվում է այլ լեզվի նյութով և թարգմանիչն, օգտագործելով լեզվի հնարավոր գեղարվետստական միջոցները, վերստեղծում է այն մի այլ լեզվում, այդ է պատճառը, որ միևնույն ստեղծագործությունը՝ տարբեր թարգմանիչների կողմից կատարված, ստանում է տարբեր երանգներ։

Վերադառնալ »