«Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն»

Հայերեն առաջին գրքերը եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը: Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող: Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։ 13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք:

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։
Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի կազմակերպած ցուցադրւթյունը նվիրվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:

🗓Ապրիլի 18-ին աշխարհը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։ 2021-ին ընտրվել է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ» խորագիրը:

📜Հայկական տառարվեստի զարգացման պատմությունը ներկաներին ներկայացրեց և ցուցադրվող գրականությանը ծանոթացրեց Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի վարիչ Աննա Օնանյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

#Ազգային_գրադարանային_շաբաթ
#Հուշարձանների_և_տեսարժան_վայրերի_միջազգային_օր
#Հայ_գիրը

Վերադառնալ »