«Հայկական տպարանները Սփյուռքում» // Իսրայել, Երուսաղեմ

Մենք սկսում ենք «Հայկական տպարանները Սփյուռքում» շարքը, որտեղ կներկայացնենք Սփյուռքի տպարանների պատմությունը, ինչպես նաև հայ ականավոր մարդկանց, ովքեր մեծ  ներդրում են ունեցել հայ տպագրության պատմության մեջ։

Իսրայել, Երուսաղեմ

Սուրբ Հակոբյանց եկեղեցին Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է։ Կառուցվել է 12-րդ դարում և նվիրված է Հակոբին՝ Երուսաղեմի առաջին պատրիարքին։ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը նաև մշակութային նշանավոր կենտրոն է:  Այս համալիրում է Զաքարիա Կոփեցու ջանքերով 1833-ին ստեղծվել Երուսաղեմի հայկական տպարանը։ Եգիպտոսում նա հայթայթել է տպարանին անհրաժեշտ նյութեր և մի քանի տառերի մայրեր: Նրա խնդրանքով Պետրոս աղա Հուսուֆյանը գնել էր մի փայտյա մամուլ, կապարե տառեր և նախապես հայթաթված մայրերի ու նյութերի հետ ուղարկել Երուսաղեմ: 1832թ. Զաքարիան Եգիպտոսում ակնցի մահտեսի Ալիքսան Եղիազարյանի օգնությամբ գնել է մի վիմագրական մամուլ և դրանով առաջին անգամ Եգիպտոսում հրատարակել վիմատիպ մի հայտարարարություն: Այս նախնական պատրաստություններից հետո 1833թ. Երուսաղեմի Սուրբ Աթոռի տպարանը լույս է ընծայել 16 էջից բաղկացած առաջին գրքույկը` «ՏԵՏՐԱԿ ԱՂՈԹԱՄԱՏՈՅՑ», որով սկիզբէ դրվել Երուսաղեմի հայկական տպագրական գործունեությանը: Սակայն նյութական միջոցների, կարևոր պիտույքների բացակայության պատճառով տպարանի զարգացումը դանդաղ է ընթացել: Զարգացման ու դրան զուգահեռ վանական վարժարան հիմնելու համար Զաքարիան 1835թ. Ադրիանուպոլսեցի Պողոս պատրիարքի նախագահությամբ խորհրդաժողով է գումարել, ուր որոշվել է դրամագլուխ հատկացնել այդ նպատակի իրականացման համար (նվիրատվություններ անել):
Զաքարիան, որպես պատրիարք, շարունակել է հետևել տպարանի աշխատանքներին: Նա,  առանց ուշադրություն դարձնելու տպարանի շատ թերություններին ու գրագետ անձանց պակասին, ձեռնամուխ է եղել տպելու «Մաշտոց կանոնեալ Մկրտութեան» (1843), «Պատմություն Յովհաննու Կաթողիկոսին» Ա., (1843) ու Ներսես Լամբրոնացիի «Խորհրդածություն Սուրբ Պատարագին» (1842) գրքերը: Զաքարիայի մահից հետո 1847թ., նրան հաջոր­դել է Կիրակոս Երուսաղեմացին, ով շարունակել է գործը: Նա Զմյուռնայից Երուսաղեմ է հրավիրել Տիգրան Հ. Թ. Սավալանյանին` իբրև ուսուցիչ, տպարանի վերակացու  և սրբագրիչ, տպարանի կապարե տառերի փոխարեն նորաձույլ ու վայելչատիպ տառեր է բերել Պոլսից: Նպատակ է ունեցել վերակառուցել տպարանի ու վարժարանի շենքերը: Սակայն 1850թ. Պատրիարքի անակնկալ մահը կիսատ է թողել նրա ազգօգուտ ծրագրերը: 1871թ. սկսած ընդլայնվել է տպարանի գործունեությունը, կառուցվել է ձուլարան, որը գործել է մինչև 1908թ.: Տպագրվել են մի շարք գրքեր հատկապես Եսայի պատրիարքի պշտոնավարման առաջին տասը տարիներին (1865-1875): Տպագրական գրքերի շարքում է նաև «Սիոն» ամսագրի հավաքածուն` 12 հատորով:
Պատերազմի տարիներին Օրբանյան սրբազանի օրոք տպարանը անգործության է մատնվել:  Միայն տասը տարի անց՝ 1925թ., հնարավոր է եղել վերաբացել տպարանը  և լույս ընծայել Տ. Եղիշե Դուրյան  սրբազանի «Դրվագներ Մանուկ Յիսուսի Կեանքեն» պատկերազարդ հատորը: 1933թ. տպարանն իր հարյուամյակի շեմին ունեցել է ութսուն տառասեսակ՝ մեծ մասը հայերեն, եղել են նաև արաբական, հունական և եբրայական տառատեսակներ:
«Սուրբ Հակոբեանց» տպարանը միշտ ունեցել է իր մեկենասները, ովքեր իրենց նվերներով, կտակով կամ գրքերի տպագրության ծախսերը հոգալով՝ սատարել են տպարանի գործունեությանը:

Վերադառնալ »