«ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» բացիկաշար-ալբոմի շնորհանդես

Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի ունեցավ գեղագետ-արվեստաբան Լևոն Լաճիկյանի «ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» բացիկաշար-ալբոմի շնորհանդեսը։
Գծանկարչական այս եկեղեցապատումը լույս է տեսել «Էդիթ պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ ու ջանքերով։ Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ պատմական հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել: Գեղազարդ յուրաքանչյուր բացիկ գեղարվեստականից զատ ունի նաև ճանաչողական նշանակություն՝ շնորհիվ դրանց դարձերեսին զետեղված հայերեն ու անգլերեն հակիրճ նկարագրությունների: Հավաքածուի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը:

Այս առիթով առաջին անգամ արվեստասերին ներկայացվեց նաև Լևոն Լաճիկյանի 33 եկեղեցական գծանկարների բնօրինակները՝ ընդհանուր պատկերացում տալով հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերի մասին:

Սա անվանի արվեստաբանի արդեն 16-րդ անհատական ցուցահանդեսն է: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Լևոն Լաճիկյանի՝ Երևանում ու Նյու Յորքում տպագրված շուրջ մեկ տասնյակ գրքերը, բուկլետներն ու նրա ձևավորած հոբելյանական նամականիշը՝ նվիրված Երևանի պետական համալսարանի 100-ամյակին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց սիրված մտավորականին, իսկ ելույթի վերջում սիրված մտավորականին հանձնեց գրադարանի շնորհակալագիրը՝ Հայկական եկեղեցիներ բացիկաշար ալբոմի շնորհանդեսի և գծանկարչական եկեղեցապատում ցուցահանդեսի բացման առթիվ։

Սիրված մտավորականի ու նրա գործունեության մասին կարծիքներով հանդես եկան Հայաստանի լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի Պետական Համալսարանի բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, դասընկեր, 50+ մեծահասակների առաջընթացի աջակցման Հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սարգսյանը, իսկ համագործակցության ու հրատարակչության վերաբերյալ խոսեց «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն, ով հույս հայտնեց, որ այսուհետ շարունակելի կդառնան գրադարանի ու տպագրատան միջև կապերը՝ տպագրված գրքերից մեկական օրինակ գրադարանին տրամադրելու ակնկալիքով։

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Լևոն Լաճիկյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց կազմակերպիչներին ու օրվա ելույթ ունեցողներին՝ հույս հայտնելով, որ ավելի կամրապնդվեն գրադարանի ու մտավորականների հետ համագործակցությունը։

Վերադառնալ »