Հայաստանի Ազգային գրադարան — 101

Հուլիսի 4-ը  որպես Հայաստանի ազգային գրադարանի օր նշվում է 1999 թվականից: 1919 թվականի հուլիսի չորսին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել ՊԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ կարգավիճակ:  Այսօր մենք նշում ենք գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 101-ամյակը: Գրադարանի պատմությունը, սակայն, շատ ավելի հին է.

Գրադարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1832թ. հունվարը: 1828թ. Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը: 1832թ.  հունվարի 14-ին Երևանում բացվեց գավառական գիմնազիա, որտեղ սկսեց գործել նաև գրադարան: Այս հաստատությունը իր գրադարանով պետք է դառնար Ռուսական կայսրության կրթական -պետական ծրագրերը իրականացնողը: Գիմնազիայի գրադարանը նախատեսված էր ուսումնական հաստատության սովորողներին և ուսուցիչներին ծրագրային անհրաժեշտ գրականությամբ ապահովելու համար, բայց կարճ ժամանակ անց դուրս եկավ դպրոցական գրադարանի շրջանակներից՝ իրականացնելով նաև հանրային գրադարանի գործառույթներ: Գրադարանը ուներ «ժապավինյալ մատյան»՝ գրանցամատյան, որտեղ արձանագրվում էին հավաքածուների մուտքերն ու ելքերը, կատարվում էր համալրում՝ գնման, բաժանորդագրության, նվիրատվության և այլ միջոցներով: Դպրոցին հատկացված 3800 ռուբլուց 150 ռուբլին հատկացվում էր գրադարանին՝ գնումներ կատարելու և գրադարանի հավաքածուն համալրելու համար:  Արդեն 1837թ. գրադարանի հավաքածուն կազմում էր 40-ից ավելի գիրք, 3 քարտեզ, 6 հանդես, այդ թվում՝ “Журнал министерства народного просвещения”,  “Северная пчелка”, “Библиотека для чтения” ևլն:

Գրադարանի հավաքածուի հարստացումը և գրադարանային գործընթացների արդիականացումը կապվում է Խաչատուր Աբովյանի անվան հետ. 1843թ. նա նշանակվեց գիմնազիայի տեսուչ: Աբովյանը կապեր էր հաստատում կայսրության հայտնի հրատարակիչների, գրավաճառատների հետ, պատվիրում անհրաժեշտ ուսումնական, գեղարվեստական գրականություն: Պահպանվել են նրա գրությունները՝ ուղղված պարբերականների հրատարակիչներին, որոնցով նա հայտնում էր գրադարանում բացակայող համարների մասին և խնդրում    դրանք ուղարկել գրադարանի հասցեով: Աբովյանը հետևողականորեն համալրում էր գրադարանը նաև հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ: Նրա շնորհիվ  ոչ միայն նպատակային համալրման, հաշվառման ու սպասարկման աշխատանքները բարելավվեցին, այլև գրքերի մշակման, գրացուցակավորման գործը դրվեց գիտական հիմքերի վրա: 1846թ. նրա ջանքերով գրադարանին զուգահեռ բացվում է նաև Կովկասագիտության թանգարան, որտեղ ժողովվում են ոչ միայն հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ, այլև 200 միավորից ավելի գրքեր կովկասյան տարածաշրջանի պատմության, աշխարհագրության մասին: Հետագայում այդ գրքերը և գիմնազիայի գրադարանի գրականության մի մասը՝ ընդամենը 18.000 միավոր, պետք է կազմեր Ազգային գրադարանի հավաքածուի հիմքը: 1863թ. Երևանի նահանգապետի թույտվությամբ գավառական ուսումնարանի գրադարանը պաշտոնապես համարվում է հանրային գրադարան:

Վերադառնալ »