Հայաստանի ազգային գրադարանում ավարտվեց միջազգային գիտաժողովը

Ավարտվեց երկօրյա գիտաժողը, որ Հայաստանի ազգային գրադարանում էր մեկտեղել գիտնականների ու հետազոտողների Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատություններից:

 «Սքանչելի է, որ այս խառնակ օրերում մտավորականությունը հավաքվելու, իրար լսելու, ընդհանուր խնդիրները լուծելու ճանապարհներ փնտրելու հնարավորություն ունի: Մամուլը մեր աշխարհասփյուռ ժողովրդի համախմբման ձեւերից մեկն է ու շատ կարեւոր է, որ մենք կրկին ու կրկին արժեւորեցինք մամուլը՝սկսած Ազդարարից՝ մինչեւ մեր օրեր: Շատ հետաքրքիր զեկուցումներ կային: Հետաքրքիր էին, հատկապես, երիտասարդները իրենց մտածողության նոր շերտերով: Փառք Աստծո մենք ունենք մեզնից հետո եկողներ, որ վստահ եմ շատ ավելի լավ արդյունքների կհասնեն, քան այսօր մենք»,- ընդգծում է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարգարիտ Խաչատրյանը:

Գիտաժողովի երկրորդ օրը զեկուցումներով ներկայացան գիատաժողովի երկու տասնյակ մասնակիցներ: Զեկուցումները բազմազան էին ու բազմաշերտ, առանցքում՝ մեկ հիմնախնդիր՝ Հայ մամուլի անցյալը, ներկան ու ապագան:

«Որեւէ համագումար կամ համաժողով, որտեղ համախմբված են եւ Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականները, որոնք մեկտեղվելով քննարկում են մեր ներկան ու ապագան չափազանց կարեւոր է: Նման հանդիպումների ժամանակ է որոշվում, թե հենվելով անցյալի վրա, ներկա հանգրվանը ինչպես պիտի օգտագործենք եւ ինչպիսի պատգամ պիտի փոխանցենք ապագա սերունդներին: Ուրախ եմ, որ մեր մեջ բավականաչափ երիտասարդներ կան, որոնք հմուտ են իրենց ուսումնասիրությունների մեջ՝ պատմաբաններ, հետազոտողներ: Շնորհավորում եմ Ազգային գրադարանի կազմակերպիչներին նմանօրինակ գիտաժողով կազմակերպելու համար եւ ուրախ եմ, որ մենք փոխադարձ հասկացողությամբ եւ կառուցողական առաջարկներով շարունակելու ենք մեր առաքելությունը»,- նշում է գիտաժողովի մասնակից, Բեյրութի «Խօսնակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:

Զեկուցումներից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Գրատպության թանգարան, որտեղ էլ պահվում եւ ցուցադրվում է «Ազդարար»-ի առաջին համարը: Ծանոթացան թամանյանական մասնաշենքում կազմակերպված ցուցադրություններին:

 «Շատ հետաքրքիր գիտաժողով էր: Կարեւոր է, որ զեկուցումները հրատարակվելու են եւ մենք՝ ուսումնասիրողներս, հնարավորություն կունենանք ավելի խորությամբ ուսումնասիրել ներկայացված նյութը: Շնորհակալ եմ հայ տպագիր գրի շտեմարան հանդիսացող Ազգային գրադարանին նման գիտաժողով կազմակերպելու համար եւ կոչ եմ անում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր մամուլ, գրականություն ունեն, ուղարկեն հայրենիք, որպեսզի դրանք պահպանվեն ու փոխանցվեն սերունդներին»,- նշում է պատմաբան Գեւորգ Յազճյանը ու ավելացնում՝ մամուլը եղել է, կա ու լինելու է կարեւոր գործոն հայկական հարցերի բարձրացման ու դրանց լուծման հարցում:

Վերադառնալ »