ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Արտակարգ դրության հայտարարելու առաջին իսկ օրվանից Հայաստանի ազգային գրադարանը սկսեց աշխատել առցանց ռեժիմով՝  անընդմեջ պահելով կապը ընթերցողների հետ: Առցանց տիրույթում աշխատանքն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Հանրության հետ կապերի եւ միջոցառումների բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար ընթերցողին են  ներկայացվում ազգային գրադարանի առցանց շտեմարանները, մանրամասն տեղեկություններ է տրվում դրանցից օգտվելու կարգի վերաբերյալ։ Մնա տանը գիրք կարդա  եւ երեկոյան ընթերցանություն հեշթեգերով ներկայացվում են գրքերի բացառիկ հրատարակություններ: Ընթերցողներին առաջարկվում  է կարդալ եւ առցանց հարթակում ծավալել քննարկում տրամադրված գրականության վերաբերյալ: Ընթերցողներին է ներկայացվում նաեւ գրադարանի վերջին համալրումները՝ գրքեր, որոնցից ընթերցողները կարող են օգտվել գրադարանի կանոնավոր գործունեությունը վերսկսվելուն պես:

Առցանց տիրույթում գրադարանի տարբեր բաժինների կողմից բազմաթիվ նոր շարքեր են իրականցվել, համառոտ ներկայացնենք դրանցից  մի քանիսը։

Խորհուրդ են տալիս գրադարանավարները․ Գրադարանի տարբեր բաժինների աշխատակիցներ տեսանյութերի միջոցով ներկայացնում են գրականությունը, որ կարդում են իրենք, ընթերցում մի հատված  եւ խորհուրդ տալիս ընթերցողին՝ ինչ կարդալ։

Ոչ մի շաբաթ առանց արվեստի․ ամեն չորեքշաբթի գրադարանում իրականցվող արվեստին վերաբերող միջոցառումների շարքը տեղափոխվել է առցանց տիրույթ։ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակիցները տեսանյութերի միջոցով պահում են կապը ընթերցողի հետ, ներկայացնում արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող գրականություն, անդրադառնում  արվեստի որևէ բնագավառի, ստեղծագործությունների կամ արվեստի հետ առնչվող այլ թեմաների:

Ինչ էր գրում մամուլը 100 տարի առաջ․ հետաքրքիր նորություններ իմանալու, տեղեկություններ ստանալու ու բացահայտումներ անելու հիանալի հնարավորություն է ընձեռնում գրադարանի մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի կողմից իրականցվող շարքը։ Բաժնի աշխատակիցները ամենօրյա ռեժիմով ներկայացվում են մեկ դար առաջ լույս տեսած մամուլի հրապարակումները, առանձնացնում հոդվածներ, որոնք արդիական նաեւ են այսօր։ 100-ամյա վաղեմության  մամուլի էջերում հոդվածներ կան նաեւ համաճարակների եւ դրանց հաղթահարման վերաբերյալ, որոնք նույնպես պարբերաբար ներկայացվում են ընթերցողին։

Գրադարանային օրացույց Պատմության այս օրը Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր օրը սկսվում է պատմության այդ օրը տեղի ունեցող իրադարձությունների  ներկայացմամբ։ Թերթելով գրադարանային օրացույցը՝ ընթերցողը ծանոթանում է օրվա հոբելյարներին, կարեւոր իրադարձություններին, այդ օրը նշվող միջազգային օրերին։ Գրադարանային օրացույցում տեղ են գտնում  նաեւ գրադարանի կողմից լույս ընծայվող  Հիշարժան տարեթվերում տեղ գտած տարվա հոբելյարները։

Արեւմտահայ գրականության միամսյակ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող գրադարանների կողմից հայտարարված միամսյակին Ազգային գրադարանը միացավ հետաքրքիր ձեւաչափով։ Խաամաճիկների պետական թատրոնի հետ համագործակցություն սկսվեց։ Շաբաթը երկու անգամ թատրոնի պրոֆեսիոնալ դերասանների ներկայցմամբ ողջ շքեղությամբ են հնչում արեւմտահայ գրականության գոհարները։

Առցանց կինոդիտումներ գրքասերի կինոակումբում Հինգշաբթին Ազգային գրադարանում կինոդիտման օր է։ Շուրջ մեկ տարի գրադարանի գրքասեր-կինոսերները գրական նշանակալի երկերի  էկրանացումներ դիտելու հնարավորություն էին ստանում գրադարանի կինոսրահում։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո կինոդիտումները տեղափոխվեցին առցանց տիրույթ, ակտիվացվեց գրքասերի կինոակումբ խումբը, որտեղ էլ ցուցադրությունից առաջ ներկայացվում է ֆիլմը, գրական հիմքը, հետաքրքիր դրվագների պատմությունը։ Այնուհետեւ կինոսերները դիտում են ֆիլմը եւ հնարավորություն ստանում այն քննարկելու։

Հայկական հետքը օտարալեզու գրականության մեջ  շարքըկարեւոր է բացահայտումների սիրահար մեր ընթերցողների համար։ Հայաստանի ազգային գրադարանի մատենագետները առանձնացնում եւ ներկայացնում  են  օտարալեզու այն գրքերը, որոնց մեջ առկա են հայերեն կամ լատինատառ հայերեն հատվածներ կամ որոնք հայագիտական արժեքավոր նյութ են պարունակում հայ ժողովրդի պատմության, աշխարհագրության, գրականության ու մշակույթի վերաբերյալ:

Գրատպության թանգարանի ցուցանմուշներ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպությանթանգարանում իրական գանձեր են պահվում, որոնցից յուրաքանչյուրը հայ գրքի պատմության յուրօրինակ վկա է։ Թանգարանն ու գրադարանը չեն աշխատում, բայց մեր ընթերցողների եւ այցելուների համար առցանց էքսկուրսիաները շարունակական բնույթ են կրում։ Պարբերաբար ներկայացվում են թանգարանի ցուցանմուշները՝ հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ է տրամադրվում դրանց վերաբերյալ։ Սրանք միայն մի մասն են առցանց միջոցառումների շարքերի, որ տեղ են գտնում Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում ու մշտական դարձնում կապը ընթերցողի եւ գրադարանի միջեւ։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀԱԳ ֆեյսբուքյան էջի հետեւորդների թիվը ավելացել է ավելի քան 2000-ով։ Էջն այսօր 14 200 հետեւորդ ունի։ Արտակարգ դրություն հայտարավելուց հետո    արվել է 290 հրապարակում Հայաստանի ազգային գրադարանի եւ 80 հրապարակում Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջերում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում էջի հետեւորդների թիվը ավելացել է 65 տոկոսով, հրապարակումների դիտումները ավելացել են 12 տոկոսով՝  (40,472 ) , էջի դիտումները՝ 33 տոկոսով (9042 )։

Վերադառնալ »