ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԴԱՐԱՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 225 ԱՄՅԱԿԻՆ

Այս տարի լրանում է հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակը: Այս կարևոր հոբելյանի, ինչպես նաեւ 2019թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ, նոյեմբերի 28-ին ժամը 9.30 Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում մեկնարկեց երկօրյա գիտաժողով: Հայ մամուլին նվիրված զեկուցումներով հանդես եկան 40 գիտաշխատողներ՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատություններից: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում: Գիտաժողովին զուգահեռ թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացվեցին առաջին պարբերականին՝ «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ: Փոքր ցուցասրահում բացվեց ցուցադրություն՝ նվիրված ընտանիքի տարվան: Ցուցադրվեցին տարբեր տարիներին լույս տեսած մանկապատանեկան նկարազարդ ամսագրեր: «Ազդարար»-ի տպագրության 225-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հայ մեծանուն մատենագետ Արտաշես Տեր-Խաչատուրեանի որդիները՝ Տարոն եւ Զարեհ Խաչատուրեանները, որոնք 40 անուն արժեքավոր հնատիպ եւ հնագույն ժամանակների գրքեր նվիրեցին Ազգային գրադարանին:

 «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձեւավորման եւ պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով գիտաժողովին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանի բացման խոսքին հաջորդեց Սբ. Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ողջույնի խոսքը: Գիտաժողովի առաջին նիստին զեկույցներով ներկայացան Արմինե Հակոբյանը («Ազդարարը» մատենագիտական ցանկերում), Համո Սուքիասյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պարբերական հրատարակելու փորձերը 1920-1930-ական թթ.), Մարգարիտ Խաչատրյանը («ՀԱՅՐԵՆԻՔ» ամսագիրը և Համաստեղի գրական մուտքը), Գայանե Պողոսյանը («Էջմիածին» ամսագրի գեղարվեստական ձևավորումը (Շապիկներ և տիտղոսաթերթեր), Արա Գօչունեանը (Մամուլ, ընտանիք, հասարակական դերերու զուգահեռականներ), Տարօն Տեր Խաչատուրեանը (Հայ մամուլի դերն ու կոչումը ըստ ԱրտաշէսՏէր Խաչատուրեանի) եւ Մհեր Ղազինյանը (Աֆրիկյան երկրներում հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում):

Վերադառնալ »