Գրադարանի մասին

Հայաստանի ազգային գրադարանը որպես գրատպության խոշորագույն պահոց և գրադարանագիտական, տեղեկատվական կենտրոն, ստեղծում է բոլոր պայմանները տեղեկատվության հավաքագրման, մշակման և ընթերցողներին այն հնարավոր բոլոր տարբերակներով հասանելի դարձնելու համար: Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը» (1512 թ., Վենետիկ), առաջին պարբերականը «Ազդարարը» (1794 թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցը» (1695 թ., Ամստերդամ): Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց: ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թ., երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1925-1990 թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Գրադարանի ընթերցողական շրջանակը շատ լայն է: Տարբեր տարիներին գրադարան են հաճախել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ: