Գրադարանի բարեկամներն ու բարերարները

 Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ: ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի Ազգային գրադարանը /Սանկտ Պետերբուրգ/ և Ռուսաստանի պետական գրադարանը /Մոսկվա/, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը /Վաշինգտոն/, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները:
Միջազգային գրքափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածուները տարեկան համալրվում են 1000-1200 միավոր գրականությամբ: ՀԱԳ-ը համագործակցում է Հայաստանում գործող հավատարմագրված 21 դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ: 

‹‹Երևան քարտը››  Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Այն հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից: ‹‹Երևան քարտի›› և Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի համագործակցության շրջանակներում քարտապաններին տրվում է թանգարանի անվճար մուտքի հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Երևան Քարտի պաշտոնական կայքէջ՝ https://yerevancard.com/ :

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի, Հայաստանի Ազգային գրադարանի և  «Յուքոմ»  ընկերության միջև: Համագործակցության շրջանակում «Յուքոմ» ընկերությունը ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի և Ազգային գրադարանի բոլոր ընթերցասրահներում կապահովի անվճար, անլար ինտերնետ հասանելիություն: Այս նախաձեռնությամբ «Յուքոմը» համալիր լուծում է տալիս՝ հնարավորություն տալով ընթերցողներին օգտվելու համացանցից հենց ընթերցասրահում, չկտրվելով աշխատանքից:

Լիբանանահայ գործարար, բարեգործ Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն է: 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից արժանացել է ’’Ս. Գրիգոր Լուսավորիչ’’ շքանշանի` իր եկեղեցաշեն և ազգօգուտ գործունեության համար: Գիտության և կրթության ոլորտում իր գլխավորած ընկերության կատարած մեծ ծավալի ներդրումների համար 2008թ. արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ոսկե մեդալին:

Նրա ղեկավարած ընկերության միջոցներով Մայր Հայրենիքում կյանքի են կոչվել բազմաթիվ և բազմապիսի մարդասիրական մտահղացումներ:

Ռ.Յիրիկյանը բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի Ազգային գրադարանում` աջակցելով Հայաստանի Ազգային գրադարանի վերանորոգման աշխատանքներին: Բացի այդ, 2007թ. Ազգային գրադարանի 175-ամյակի առթիվ նա10 միլիոն դրամ է նվիրել Ազգային գրադարանին: Ռ.Յիրիկյանն արժանացել է Հայաստանի Ազգային գրադարանի ’’Հակոբ Մեղապարտ’’ մեդալին, նա Ազգային գրադարանի Պատվավոր ընթերցող է: Ռ.Յիրիկյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ’’Պատվո մատյանում’’:

Թահթա Հովսեփ Արգենտինահայ բարերար  «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հովսեփ Թահթայի անմիջական ֆինանսական աջակցությամբ 2013 թ. բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թվայնացման կենտրոնը, ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ` գրադարանային նյութերը հասարակության լայն շերտերին առցանց տարբերակով հասանելի դարձնելու համար: 2016թ.  Թահթա Հովսեփն իր ընտանիքի հետ այցելեց  Հայաստանի ազգային գրադարան և իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ջիա (Ծիածան) Այվազյան ծնվել է Հունաստանի Քավալա քաղաքում։ Բարձրագույն ուսումր ստացել է Կալիֆորնիայի Նահանգային համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA): Իր տիտղոսներն են` Պսակավոր Արվեստից (B.A.) անգլիական գրականության մեջ, գրադարանային գիտությունների մագիստրոս (Master in Library Science) և դոկտորական թեկնածու (Candidate in Philosophy) Միջին Արեւելյան Ուսմանց հայագիտական Մասնաճյուղում (UCLA-ի Նարեկացիի անուան հայագիտական ամպիոն)։ Ծ. Այվազյանը UCLA-ի Գիտահետազոտական Գրադարանի հայկական և հունական նյութերի պատասխանատու գրադարանավարն է եղել 1968-ից ի վեր։ Գլխավոր պատասխանատուն է վերոհիշյալ գրադարանի հայագիտական գրքերի հավաքածուի կերտման և հարստացման։ Այս հավաքածուն թերեւս ամենախոշորն է Ամերիկայի գիտահետազոտական գրադարաններում, ճանաչված է ազգային և միջազգային գետնի վրա և լայնորեն կիրառվում է։ Ծ.Այվազյանը նաև նորարար է հայերեն գրքերի մշակման արդիականացման գործում։

Արսինե Հերմինե (Կոնդայան) Արսենյանը ծնվել է 1914թ. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 1915թ. Թուրքիայի տեղահա-նությունների ընթացքում նա իր ընտանիքի հետ արտաքսվում է Էրեգլի, ապա Կոնիա: 1920թ. Կոնդայաններին թույլատրվում է վերադառնալ Ստամբուլ, որտեղ Արսինեն հաճախում է օրիորդաց քոլեջ և կրթությունն ավարտում Ամերիկայում օրիորդաց քոլեջում:

Արսինեն տեղափոխվում է Միացյալ Նահանգներ 1946թ. և ապրում Նյու Յորքում մեկ ու կես տարի, հետո տեղափոխվում է Լոս Անջելես, աշխատում բանկում: Նա ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսի հայկական հարակից գիտությունների կազմակերպությունում:

1971թ. նա տեղափոխվում է Սան Դիեգո և ամուսնանում դոկտոր Սեթ Արսենյանի հետ, ով 30 տարի Սփրինգֆիլդ քոլեջում դասավանդելուց հետո անցել էր թոշակի:

Արսինե Արսենյանը վախճանվել է 2008թ. սեպտեմբերի 17-ին:

Արսինե Արսենյանի կտակի համաձայն 2010թ. Հայաստանի Ազգային գրադարանին հատկացվեց հարյուր հազար ԱՄՆ դոլար: Այդ միջոցներով հիմնվեց, վերանորոգվեց, տեխնիկական ժամանակակից միջոցներով ապահովվեց գրադարանի թվայնացման կենտրոնը, վերանորոգվեց ու կահավորվեց Հովհաննես Պետրոսյանի անվ. տեղեկատու մատենագիտական գրականության և էլեկտրոնային կրիչներով սպասարկման ընթերցասրահը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունն ու աշխատակազմը և բազմահազար ընթերցողները իրենց խորին երախտագիտությունն ու խոնարհումն են հայտնում Արսենյան ամուսինների հիշատակի առջև:

Զորի Բալայան

Հայ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ծնվել է 1935թ.Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1963թ. ավարտել է Ռյազանի Ի.Պ. որպես բժիշկ:
1975-ից ”Լիտերատուրնայա գազետա”-ի սեփական թղթակիցն է Հայաստանում:
1967-1970թթ. 2 ընկերների հետ ինքնաշեն նավակով նավարկել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում, 1971-1973թթ. Ճանապարհորդել Կամչատկայում և Չուկոտյան տունդրաներում: Արգասիքը եղել են ”Հիպոկրատի գլխարկը” /1972թ./, ”Երկնագույն ճանապարհներ” /1975թ./ և ”Սպիտակ մարաթոն” /1980թ./ գրքերը:

Զորի Բալայանը հեղինակ է նաև ”Երկու կրակի մեջ”, ”Օջախ”, ”Չգրված օրենք”, ”Բարության ծառը”, ”Տագնապ”, ”Թևեր” գրքերի: 2010թ. Զ.Բալայանն արժանացել է Ազգային գրադարանի ”Հակոբ Մեղապարտ” հուշամեդալին:

Ռուբեն Շախմուրադյան

Ռ.Շախմուրադյանը ծնվել է 1954թ. հունվարի 31-ին Երևանում: Սովորել է Կ.Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում` ստանալով ճարտարապետի մասնագիտություն:

1976-1977թ. եղել է ,,Հայպետնախագիծ’’ ինստիտուտի ճարտարապետ, ապա` ավագ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու:

1977-1980թթ. եղել է Չարենցավան քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1980-1985թթ.` Երևանի քաղաքապետարանի ’’Երքաղնորոգում’’ նախագծային ինստիտուտի գլխավոր ինժեներ:

1980թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: Հեղինակ է
հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բազմաթիվ նախագծերի, կառույցների:

1985-1989թթ. Ռ.Շախմուրադյանը եղել է ՀՍՍՀ Թեթև արդյունաբերության
նախարարության Հատուկ նախագծակոնստրուկտորական բյուրոյի տնօրենի տեղակալը, 1992-1993թթ.` Թեթև արդյունաբերության նախարարության գիտահետազոտական նախագծային արտադրական միավորման գլխավոր տնօրենը:

1993-1999թթ. վարել է ՙԱրձագանք-2000՚ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: 1999թ.-ից առ այսօր նա ’’R&V Comfort’’ ընկերության գլխավոր տնօրենն է: 2009թ. Ռ.Շախմուրադյանի հովանավորությամբ վերանորոգվել և կահավորվել է Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահը: Գրադարանին աջակցություն ցույց տալու համար Ռ.Շախմուրադյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ’’Պատվո մատյանում’’: