գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն

Գլոբալացման արդի ժամանակաշրջանում գիտության և տեխնոլոգիաների համաշխարհային զարգացումները նոր մարտահրավերներ են առաջադրում նաև գրադարանավարներին, քանի որ նրանք ակտիվ դերակատարություն ունեն տեղեկատվական հասարակության կառուցման ճանապարհին: Բացի սրանից, թվային գրադարանները կենսական նշանակություն ունեն երկրի ընդհանուր զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման գործընթացում։
Ժամանակաշրջանի պահանջով տեղեկատվական շատ գործառույթներ փոխանցվում են տեխնիկական միջոցներին և համակարգիչներին։ Ավտոմատացումը փոխում է ավանդական գրադարանի տեսքը ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար։ Եթե առաջինի աշխատանքը դառնում է ավելի բարդ ու ծավալուն, ապա ընթերցողը ստանում է լայն հնարավորություն՝ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին: Հասկանալի է, որ նման պարագայում վերանայման ու վերաիմաստավորման կարիք են զգում գրադարանային բազմաթիվ հասկացություններ: Համացանցը հիմնովին փոխում է պատկերացումները գրադարանային պաշարների հասանելիության և դրանք ընթերցողին մատուցելու նոր եղանակների նախագծման մասին: Ներկայումս նկատվում է էլեկտրոնային կրիչների վրա գրանցված նյութերի քանակի շարունակական աճ, և այս միտումը գնալով ավելի լայն թափ է ստանում։ Գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 2011 թ.: Բաժնի հիմնական առաքելությունը տպագիր արտադրանքի սկանավորումը, թվայնացումը, էլեկտրոնային պաշարների ստեղծումը, ձևավորումն ու պահպանումն է: Թղթային նյութերի թվայնացման առաջին քայլը դրա բնօրինակի սկանավորումը կամ նկարահանումն է, ապա ստացված պատկերների պահպանումը թվային արխիվային նյութերի համար նախագծված ձևաչափերից որևէ մեկով: Տեղադրման առաջարկվող ձևաչափը PDF-ն է: Հիմնական նպատակը՝ այդ նյութերը համացանցում հասանելի դարձնելն է, որի համար անհրաժեշտ է կատարել այդ նյութերի մատենագիտական նկարագրություն միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան: Բաժնում իրականացվում է գրադարանի հավաքածուներում առկա հայերեն հնատիպ (հրատարակման ժամանակաշրջան 1512-1800 թթ.), վաղ շրջանի հրատարակված (հրատարակման ժամանակաշրջան1801-1900 թթ.) և մինչև 1920 թ. հրատարակված գրքերի, նաև պարբերական մամուլի թվայնացում: Սկանավորված նյութերը համապատասխան ծրագրերով մշակվում են (Adobe Photoshop) և պատրաստվում PDF ձևաչափով (Adobe Acrobat Professional): Տեքստի ճանաչման համար օգտագործվում է «ABBYY FineReader» համակարգը: Այնուհետև նյութերը համապատասխանաբար տեղադրվում են մատենագիտական (Koha) և լրիվ տեքստային (Greenstone) շտեմարաններում: Բացի համացանցում տեղադրելուց, գրադարանում սկանավորված գրադարանային նյութերը արխվացվում են առանձին կրիչների և սերվերի վրա, որի կրկնօրինակը անվտանգության նկատառումներով արտաքին կոշտ սկավառակների վրա պահվում է առանձին վայրում: Բաժնի գործառույթներից են՝ Համակարգչային աշխատանքներ գրադարանում առկա համակարգչային տեխնիկայի, տպիչների, տեսածրիչների, պատճենահանող սարքավորումների
ծրագրային և տեխնիկական սպասարկում, վերանորոգում, անվտանգ աշխատանքի ապահովում: Ներքին ցանցի կառավարումնախագծում, մոնտաժ և վերահսկում, անընդհատ կատարելագործում և անվտանգության ապահովում, հակավիրուսային ծրագրերով համակարգչային վիրուսների պարբերական ստուգում և մաքրում: Գրադարանի կայքէջի ձևավորում գրադարանի կայքէջի բովանդակության ապահովում, ձևավորում, թարմացում: Սպասարկող կայանների (սերվերների) սպասարկում՝ կառավարման, արխիվացման, վերահսկման և թարմացման աշխատանքներ: Բաժինը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր գրադարանների հետ, կազմակերպվում են անվճար դասընթացներ գրադարանավարների համար: Մեր առաքելությունն է բարձրացնել հավաքածուների հասանելիության աստիճանը՝ ներառյալ գրականության կարևորագույն հրատարակությունները և գիտական նյութերը, պատմական փաստաթղթերը, ամսագրերն ու քարտեզները: Մեր գլխավոր նպատակն է ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ցույց տալ մեր գրադարանի հավաքածուների հարստությունը, նաև կայունացնել և զարգացնել Հայաստանի ազգային գրադարանի կապն այլ գրադարանների հետ։