ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՊԱՀՈՑ

Հայաստանի ազգային գրադարանը տարիների ընթացքում հավաքում և պահպանում է աշխարհով մեկ սփռված գրականությունը՝ իր շտեմարան­ները (ֆոնդեր) համալրելով հայերեն և օտարալեզու մեծաքանակ հավաքածուներով: Այն հայ տպագիր արտադրանքի ամենախոշոր պահոցն է աշխար­հում, որտեղ պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794 թ.), առաջին տպագիր քարտեզները՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.) և «Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին եւ նոր աշխարհագրացը» (Վենետիկ, 1751 թ.)…

Գլխավոր գրապահոցը Հայաստանի ազգային գրադարանի ամենամեծ ֆոնդապահ բաժինն է, որն իրականացնում է ֆոնդերի պահպանման և սպասարկման համալիր աշխատանքները: Գրապահոցում են պահպանվում գրքեր, լրագրեր, հանդեսներ, մանրա­ժա­պա­վեններ, սեղմագրեր՝ ոչ միայն հայերեն, այլև աշխարհի շուրջ 70 լեզուներով: Բաժնի ֆոնդը միատարր չէ: Այն բազմաճյուղ է՝ ըստ բովանդակության, բազմատիպ է՝ ըստ հրատա­րակ­չա­կան ձևերի, սահմանափակված չէ աշխարհագրական, լեզվական կամ ժամանակագրական որևէ շրջանով:

Գլխավոր գրապահոցի հավաքածուները ձևավորվել են տասնամյակների ընթացքում՝ ան­հատ­ների, հաստատությունների, կազմակերպությունների, նվիրատվությունների, գնումների, անվճար պարտադիր օրինակների ձեռքբերման, ինչպես նաև Ազգային գրադարանի և այլ գրա­դա­րան­ների միջև գրքափոխանակության շնորհիվ:

Գլխավոր գրապահոցի հավաքածուն 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 6.064.577 միավոր, ինչը դեռ ստուգման և վերահաշվառման գործընթացում է:

Բաժինը ներառում է կառուցվածքային չորս ստորաբաժանումներ՝ հայերեն գրականության, ռուսերեն գրականության, օտարալեզու գրականության և մամուլի ենթաբաժիններ:

Հայերեն գրականության ենթաբաժնում պահպանվում է գիտության, մշակույթի և տեխնիկայի վերաբերյալ հայերեն գրականությունը: Ֆոնդն ամբողջությամբ վերահաշվառվել և մուտքագրվել է Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակ՝ «ԿՈՀԱ» ծրագրով և կազմում է 340.199 միավոր: Ռուսերեն և օտարա­լեզու գրքերի մուտքագրման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: 2013 թվականից գրա­դա­րա­նում գրքերը մշակվում են ըստ I, II, III, IV չափսանիշի (ֆորմատ) և գրադարակների վրա դասավորվում են խիստ հաջորդականությամբ:

Մեծ է հայ պարբերական մամուլի դերը մեր կյանքում: Հայ մամուլը 226 տարվա պատմու­թյուն ունի, որն արտացոլել է հայ ժողովրդի պատմական ուղին, հասարակական մտքի զարգա­ցումը: Այն մեր ժողովրդի մտավոր և հասարակական կյանքի բոլոր փուլերն ու հրապարակա­խո­սու­թյան անցած ուղիներն արտացոլող նյութերի բազմահարուստ շտեմարանն է:

Ազգային գրադարանն ունի հայերեն, ռուսերեն և օտարալեզու պարբերական հրատա­րա­կու­թյուն­ների հարուստ հավաքածուներ, որոնց մեծ մասը գտնվում է Գլխավոր գրապահոցում:

Ամբողջությամբ ավարտվել են հայերեն հավաքածուների վերահաշվառման աշխատանք­ները: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմում է 623.893 միավոր:

2019 թ. բաժնի հավաքածուները համալրվել են 26.913 միավոր գրականությամբ: 2019 թ. բաժին մուտք են գործել շուրջ 67.000 պատվիրաթերթիկներ, որոնց 99.7 տոկոսը բավարարվել է: Պատվի­րա­թերթիկների սպասարկումը կատարվում է մեկ ժամվա ընթացքում:

Գրադարանի հարուստ և բազմաբովանդակ գրական-մշակութային ժառանգությունը բացա­հայտ­վում է նաև ցուցահանդեսների միջոցով: Ցուցադրվող գրականության մեծ մասը տրամա­դրում է Գլխավոր գրապահոցը: