Գիրք նվիրելու օր։ Ծրագիր

  • 10:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի ինքնագրերով, նշանավոր մարդկանց մակագրություններով, ընծայագրերով գրականության ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի ինքնագրերով հավաքածուից: Բաժնի աշխատակից Էմմա Մելիքսեթյանը կներկայացնի ցուցադրված գրականությունը:
  • 11:00 – Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը դահլիճում հանդես կգա ողջույնի խոսքով և կպարգևատրի գրադարանի լավագույն 5 ընթերցողներին: Տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. Կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Մատենագիտության դերն ու նշանակությունը կարժևորեն գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն, թումանյանագետ, բ.գ.թ. Անի Եղիազարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը:

 

  • 12:00 – 13:30 — Գրադարանի վարչական մասնաշենքի նախասրահում ընթերցողներն ու քաղաքացիները գրադարանի կողմից գրքեր կստանան: Ավանդական դարձած նվիրատվությունից բացի այս անգամ Ազգային գրադարանն առաջարկում է աշխարհի ավելի քան 100 երկրում տարածում ստացած BookCrossing-ի՝ «Գրքապտույտի» մասնակիցը դառնալ: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները կծանոթացնեն այս նախաձեռնության մանրամասներին, ցանկացողներին կփոխանցեն գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք գրքի վրա փակցնելով՝ կարդալուց հետո գիրքը կարող եք «ճամփորդության» ուղարկել:
    Ի դեպ, եթե Դուք եք ցանկանում որևէ գիրք նվիրել, առաջարկում ենք թողնել այն գրադարանի նախասրահում գտնվող թափանիվի դարակներին, որտեղ դրանք կարող են գտնել հետաքրքրված ընթերցասերները:
  • 13:30 – Գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահում կներկայացվի Հովհ. Թումանյանի վերաբերյալ գրականության ցուցադրություն: Ընթերցասրահում կարող եք տեսնել ինչպես Հովհ. Թումանյանի գրքերը, այնպես էլ Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, կենսամատենագիտությունները, նրան ներկայացնող հանրագիտարանները, Հայկական հարցի լուծման թումանյանական ընկալումը ներկայացնող հոդվածներ, նրան նվիրված գիտաժողովի նյութեր, մամուլում նրա մասին հրատարակված նյութեր և այլն: Ցուցադրված նյութերի մասին կխոսի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը:
  • 14:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում սպասվում է գրքախաղ: Կընթերցվեն հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից, իսկ մասնակիցները կփորձեն գուշակել՝ որ բալլադից, պոեմից կամ բանաստեղծությունից է հատվածը մեջբերված: Գրքախաղը կվարի սիրված գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը: Ամենաշատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցները կստանան մրցանակներ:

Վերադառնալ »