ԳԻՐՔԸ ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ

«Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը…»:
Ժան Պոլ Սարտր

Հայաստանի ազգային գրադարանում այսօր յուրաքանչյուրը կարող էր ընտրել ու տուն տանել իր Գիրքը: Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումները գրադարանում սկսվել էին վաղ առավոտից: Մինչ նորաբաց գրքափոխանակության անկյունում տասնյակ ընթերցողներ ու աշխատակիցներ իրեն նվեր գիրքն էին ընտրում գրադարանի մի խումբ աշխատակիցներ ուղեւորվեցին Լոռվա մարզ, Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Ավելի քան 100 գիրք պետք է նվիրեին թանգարանին:

Օրվա երկրորդ կեսին գրքերի նվիրատվությունը շարունակվեց թամանյանական մասնաշենքի նախամուտքում: Զուգահեռ մեծ ցուցասրահում բացվեց «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն: Գրադարան էին այցելում նաեւ գրքի հեղինակներ, որոնք ընթերցողներին էին նվիրում իրենց գրքերը:

Գիրք նվիրելու օրը Ազգային գրադարանում նշանավորվեց Ընդհանուր ընթերցասրահում Ուրուգվայական գրականության անկյան բացմամբ: Գրադարան այցելեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոսենբրոկը, որն էլ գրադարանին նվիրեց ավելի քան երկու տասնյակ գիրք՝ Ուրուգվայական դասականների մատենաշարի առաջին խմբաքանակը՝ ընդգծելով, որ համագործակցությունը շարունակական է լինելու, Ուրուգվայան գրականության մյուս խմբաքանակը չի ուշանա:

Գրադարանի նախաձեռնած մյուս միջոցառումը Հովհաննես Թումանյանի Երեւանյան տուն-թանգարանում էր: Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը թանգարանին հանձնեց Թումանյանի հեքիաթների լատիշերեն եւ լիտվերեն թարգմանությունները, որոնք հրատարակվել են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող եւ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում: Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ Ազգային գրադարանին նվիրեց թանգարանի վերջին հրատարակությունները՝ Թումանյանի ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունները, Հ. Թումանյանի «Սիրունիկ-սիրունիկ» եւ Պարույր Սեւակ «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների ժողավածուները եւ այլն:

Օրվա ընթացքում գրադարանի այցելուների թվում էին շատ դպրոցականներ, որոնք «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության ցուցադրությանը ծանոթանալուց հետո դիտեցին Թումանյանի հեքիաթների մոտիվներով նկարահանված անիմացիոն ֆիլմեր:

Վերադառնալ »