ԳԱԲՐԻԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ-220

Հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Սերովբեի Պատկանյան ծնվել է 1802թվականի փետրվարի 26-ին Թիֆլիսում։

Սերովբե Պատկանյանի որդին է, Միքայել Պատկանյանի եղբայրը, Ռափայել Պատկանյանի հայրը։

1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է Նոր Նախիջևան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։ 1847 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ» աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով

Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերն ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթենիկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Պատկանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864), «Անուշավան․․․» (1875), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի» (1875), «Զավան և Փառնակ Ա» (1877), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876) և այլ գործերում Պատկանյանն աշխատել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։

Գրել է պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863) և այլն։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850 թվականին թարգմանել է  Շեքսպիրի «Համլետը», որից պահպանվել են մի քանի տեսարաններ։

Ավելի քան մի ամբողջ դար Պատկանյանների տոհմը բացառիկ դեր է խաղացել հայ հասարակական մտքի առաջընթաց պատմության մեջ։ Տոհմի տաղանդավոր ներկայացուցիչներ՝ Սերոբե, Գաբրիել, Միքայել, Ռա. Պատկանյանի բանաստեղծություններից մի քանիսը առաջին անգամ տպագրվել են Գամառ Քաթիպայի տետրակներում, իսկ հետագայում Կ. Պոլսում ու Զմյուռնիայում տպագրվել են նրա հեթանոս երգերից ու դյուցազներգություններից շատերը։ Երկերի մի գալի մասն էլ  մնացել է ձեռագիր վիճակում և պահպանվում է զանազան արխիվներում։

Պետք է ընգծել, որ Գ. Պատկանյանի ստեղծագործություների գերակշռող մասը, այնուամենայնիվ, կազմում են պատմական, դիցաբանական թեմայով գրված պոեմները, վեպերը և ողբերգությունները («Հայկերգ», «Արամերգ», «Անուշավան», «Փառնակ», «Առնակ», «Փառանձեմ», «Վաշտակ», «Վարդան», «Կար», «Շավարշ Բ», «Հրաչյա» և շատ այլ ուրիշները)։

Գ. Պատկանյանը հմուտ դիցաբան, պատմաբան էր և բանտի ու աքսորի պայմաներում հայ  և անտիկ պատմությունն ու դիցաբանությունը առատ նյութ էին տրամադրում ստեղծագործության համար։ Երկրորդ՝ նա խոստովանում է, որ դառը, հալածական կյանքը, Ներսեսի և Խալիբի մեքենայությունները նրան թույլ չեն տվել աչք բանալու, որոշելու իր անելիքը, կենտրոնցնելու իր միտքը՝ ազգին առավել օգտակար ծառայություններ անելու համար։ «Գիտեր,- գրում է Գ. Պատկանյանը իր մասին,- որ ազգն բազմատեսակ վերքեր ունի. այլ չգիտեր, ո՞րն է նորա մահառիթ խոցն, որ առաջ նորա սպեղանու  համար հոգայր»։ Երրորդ՝ իր երկերի համար հիմք ընդունելով պատմական անցյալը և դիցաբանությունը, որոնցով ոգեշնչված էր, հեղինակը դիտավորություն է ունեցել հերոսներից ոմանց պատմական անունների տակ ներկայացնել  ժամանակակից լավ ու վատ մարդկանց, «որը, որպես իր, այնպես էլ ազգի վիճակին հարմարի»,- պատճառաբանում է նա։ Այսպես, օրինակ, «Անուշավան» դյուցազներգության մեջ ըստ  հեղինակի միայն Անուշավանը և Նինոսն են պատմական անձիք, իսկ մյուս հերոսների անունների տակ իրական անձնավորություններ են նկատի առնվել։Այդ բոլորը գալիս են ասելու, որ Գ. Պատկանյանի անցյալին նվիրված երկերը զուրկ չեն կարող համարվել պատմական արժեքից և որ նրանց քննության ու գնահատության ժամանակ պետք է հաշվի առնվեն վերոհիշյալ հանգամանքները։Գ. Պատականյանը զգալի դեր կատարեց 19-րդ դարի կեսերին հայ ժողովրդի լուսավորության, կրթության և աշխարհաբար լեզվով մամուլ  ու գրականություն ստեղծելու գործում։ Իր տոկունությամբ ու ժրաջանությամբ նա հանդիսացավ այն գործիչներից մեկը, որոնք հող նախապատրաստեցին հայ հասարակական մտքի գալիք սերնդի համար, որի դրոշակակաիրը եղավ մեծանուն գործիչ Միքայել Նալբանդյանը։