ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԳԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՐՔԵՐԸ ՆՎԻՐԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Նա մատենագետ էր, լեզվաբան, բառարանագետ, բանահավաք, պատմաբան, մանկավարժ, խմբագիր, հրատարակիչ…բայց առաջին հերթին մեծ գրքասեր: Գրքերն էին նրա ամենամեծ սերը, գրադարան ստեղծելը կյանքի կարեւորագույն ձեռքբերումներից էր համարում…

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ որդիները սա առաջին հանդիպման ժամանակ են խոստովանում: Անասելի հուզված են: Ձեռքում մեծ պայուսակ են պահում, որի պարունակությունը հորից մնացած ամենամեծ հիշատակն ու իրենց մանկության վերհուշն է:

«Առաքելություն ունենք, որ այսօր պետք է ի կատար ածենք: Վստահաբար Արտաշեսը մտքում այսօրն ուներ, երբ հավաքում էր գրքերը: Այս ժառանգությունը վերջապես հասավ այնտեղ, որն էլ իր հանգրվանը պետք է լինի»,- ասում են ու մեկիկ- մեկիկ սեղանին շարում արժեքավոր գրքեր՝ Նոր կտակարաններ,Աստվածաշնչեր,Սաղմոսարաններ…բացառիկ հրատարակությունների մեծ մասը գրադարանում բացակա օրինակներ են, որոշ գրքերից էլ միայն մեկ օրինակ կա:

«Սա միայն մի մասն է: Արտաշես Տեր- Խաչատուրյանի ամբողջ գրադարանն ենք նվիրելու Ազգային գրադարանին»,- ասում են:

Զարեհ եւ Տարոն Տեր-Խաչատուրյանների  խոսքը շուտ է գործի վերածվում: Հաջորդ այցելության ժամանակ էլի ծանր պայուսակով են, ընդհանուր հաշվով մատենագետի անձնական գադարանից ավելի քան 80 միավոր գիրք է փոխանցվում Ազգային գրադարանին: Արժեքավոր գրականություն, որի հիման վրա էլ Անձեռնմխելի գրականության բաժնի Անհատական հավաքածուների, նվիրատվությունների և ինքնագրերի ենթաբաժնում կբացվի Արտաշես Տեր-Խաչատուրյանի անհատական հավաքածուն:

Ազգային գրադարանի համար չափազանց կարեւոր ձեռքբերում է 1550 թվականին հրատարակված լատիներեն նոր կտակարանը՝ «Novvm Testamentvm Graece et Latine» (Basileae Bryling,Greek Ancient) եւ 1669 թվականին տպագրված Առաքել Դավրիժեցու «ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ»-ի Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում ոսկերիզ էջերով տպագրված գիրքը:

Հավաքածուի հազվագյուտ, բարձրարժեք գրքերից Ներսես Շնորհալու՝ Ամստերդամում 1660-ին հրատարակված «Հիսուս որդի» պոեմն է: Գրքերի ցանկում էին Նոր կտակարաններ, Աստվածաշնչեր, Սաղմոսարան՝ որոնցից Ազգային գրադարանը մեկական օրինակ ուներ, Աբդուլ Համիդի մասին շատ արժեքավոր ֆրանսերեն գիրք՝ հեղինակի ինքնագրով, Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի առաջին հրատարակությունը, Նարեկի 1752, 1763 և 1851 թվականների հրատարակությունները, Սիամանթոյի, Արշակ Ալբոյաջյանի, Թորոս Թորոմանյանի՝ ինքնագրերով գրքերը և շատ այլ մեծարժեք հրատարակություններ:

Արժեքավոր նվիրատվության մեջ կարելի է առանձնացնել նաեւ Ռուբեն Զարդարյանի, Գրիգոր Զոհրապի, Արշակ Ալպոյաճեանի, Ղուկաս Ինճիճյանի, Ճանիկ Արամեանի, Յ.Մ Հաճեանի, Ա.Մ Գարագաշյանի, Ա. Ահարոնյանի եւ այլոց գրքեր: Գրքերից մի քանիսն, ի դեպ, ինքնագրերով են, որոնցից կարող ենք առանձնացնել 1912 թվականին Փարիզի Կ. Ներսէսեան տպարանում հրատարակված Արշակ Չոպանյանի «Հայ էջեր: Մեր նախնեաց բանաստեղծութիւնն ու արուեստը» գիրքը: Բոլոր գրքերը կրում են Արտաշէս Տէր Խաչատուրեանի գրադարանի կնիքը: Ազգային գրադարանի համար կարեւոր ձեռքբերում էր նաեւ «Շարժում» գրական ամսաթերթի առաջին համարի ձեռագիր տարբերակը:

…Գրքերը ներկայացնում, յուրաքանչյուրի մասին հատառհատ պատմում ու էլի մատենագետ, գրքահավաք հորն են հիշում…

«Յուրաքանչյուր գիրքը պատմություն ունի: Եթե գիշերվա ուշ ժամին էլ իմանար, որ ինչ-որ մի տեղ, հեռու մի գյուղում հազվագյուտ գիրք կա, որ հնարավոր է ձեռք բերել, չէր քնի, մինչեւ չգնար ու գիրքը տուն չբերեր: Նա գիտակցում էր, որ դա ամենակարեւոր գործն է, որ կարող է անել հայրենիքի համար: Հավաքածուի այլ բաժիններ տակավին այլ առիթներով կբերենք հոս: Սփյուռքում Ցեղասպանությունից ետք ահռելի աշխատանք կատարված է, սակայն կառույցի ու ենթակառույցի պակաս կա, և հայրենիքն է, որ պիտի համատեղի, մեկտեղի մեր մտավորական և ազգային արժեքները».- հրաժեշտից առաջ ասում են ու խոստանում՝ հաջորդ այցը շատ չի ուշանա:

Վերադառնալ »