ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ-150

Արշակ Չոպանյանր հայ մշակույթի այն երախտավորներից է, որն իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդին, նրա պատմությանը, վեց տասնամ­յակից ավելի ծառայեց հայ գրականության զարգացմանն ու զորացմանը, եղավ հայոց դատի ամենազգոն պաշտպաններից մեկը։

Արշակ Չոպանյանր ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Պոլսի Պեշիկթաշ արվարձանում’ Ակնից սերված Հովիվյանների գերդաստանում։ Վաղ հա­սակում զրկվում է մորից։ Նրա դաստիարակությամբ զբաղվում են էլպիս և Ազապի քույրերը, որոնց շնորհիվ էլ Արշակը դաոնում է գրաճանաչ։ Հայ­րը՝ ոսկերիչ Հովհաննեսը, դժվարությամբ էր վաստակում ընտանիքի ապ­րուստը, թեև ճանաչված ու հմուտ արհեստավոր էր։ Արշակի մանկությունն անցել է մայրական սիրո կարոտի, տխուր մտորումների, առանձնության և նյութական անապահով կյանքի մթնոլորտում։ Մի հանգամանք, որը ոչ մի­այն գեղարվեստական անմիջական արտացոլում է գտել նրա առաջին ստեղ­ծագործություններում, այլև որոշակի ազդեցություն է ունեցել Չոպանյան անհատականության ձևավորման վրա, նրա տպավորվող հոգում ի հայտ բե­րել նուրբ ու զգայուն լարեր։

Կրթությունն ստացել է Մաքրուհյան (1882-1886 թթ.) և Ղալաթիո նո­րաստեղծ Կեդրոնական (1887-1891 թթ.) վարժարաններում։ Կրթության պակասը լրացվում էր ընթերցանությամբ, խառնվածքով թախծոտ, բայց և անհանգիստ ու եռանդուն պատանու վրա մեծ ազդեցություն են թողնում ռոմանտիկ բանաստեղծներ Ղ.Ալիշանը, Պ.Պեշիկթաշլյանը, Պ.Դուրյանը, համաշխարհային գրականությունից՝ Հյուգոն, Բայ֊րոնը, Ռիշբեն և Մյուսեն։ «Ահա աստվածներս»- գրում է նա իր բարեկամ­ներից մեկին։ Իր այս Աստվածների հետ Արշակը հաճախ էր առանձնանում և ժամերով ինքնամոռաց թաղվում երազների գրավիչ աշխարհում։Գրական նախափորձերը բանաստեղծություններ էին, գերազանցապես սիրո ու բնության գեղեցիկ պատկերներ։ Իսկ հետո՝ արձակ էջեր, գրական֊ հրապարակախոսական բնույթի հոդվածներ, թարգմանություններ և այլն։

Պատանեկության օրերից Չոպանյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբե­րել եվրոպական մշակույթի նկատմամբ՝ փայփայելով Ֆրանսիայում ուսումը շարունակելու երազանքը։ Սակայն նյութական սուղ պայմանները հնարավո­րություն չեն տվել այն իրականացնելու։ Ավարտելով Կեդրոնականը նա աշ­խատանքի է անցնում Կ. Պոլսի հայկական դպրոցներում, իսկ «Հայրենիք» օրաթերթի հիմնադրումից հետո (1891 թ.) Արփիար Արփիարյանի կողմից հրավիրվում է աշխատակցելու թերթին՝ իբրև օգնական-խմբագիր և մնայուն աշխատակից։

«Հայրենիքին» զուգահեռ նույնպիսի եռանդով, Չոպանյանն աշխա­տակցում է նաև 1892-ից Պոլսում հրատարակվող «Մասիս» գրական շաբաթաթերթին, առանձին գրվածքներ ուղարկում «Արևելքին», տպագրվում արևելահայ պար­բերականներում և ֆրանսիական լրագրերում։ Մեկը մյուսի հետևից լույս են տեսնում «Արշալույսի ձայներ» խորագրով առաջին գիրքը (1891), «Թըրթռումներ» քերթվածների ժողովածուն (1892), «թ՚ուղթի փառք» հոգեբա­նական վիպակը (1892)։ Չռպանյանն իր ուժերը փորձում է նաև դրամատուր­գիայի ասպարեզում’ «Հայրենիքի» էջերում երևան հանելով «Մութ խավեր» հինգ գործողությամբ դրաման։ 1893 թ. վերջերին ավարտում է «Պետրոս Դուր յանի կյա՛նքն ու գործը» մենագրական ուսումնասիրությունը (1894, թիֆլիս), որ նրա գրականագիտական առաջին լուրջ աշխատանքն էր:

1893-ի աշնանը «Մութ խավեր» պիեսի բեմադրությունից ստացված գու­մարով և բարեկամների օժանդակությամբ Չոպանյանին վերջապես հաջող­վում է կարճ ժամանակով (մոտ մեկ տարի) մեկնել Փարիզ: Այստեղ նա ունկնդրում է Սորբոնի և Քոլեժ դր Ֆրանսի դասախոսություններին, ներկա լինում արվես­տի բազմաթիվ ցուցահանդեսների ու թատերական ներկայացումների, այ­ցելում թանգարաններ, հանդիպումներ ունենում և ծանոթություններ հաս­տատում ֆրանսիական մտքի ականավոր ներկայացուցիչների հետ։

(1895 թ.) նա ձեռնամուխ եղավ «Ծաղիկ» դրական-գեղարվեստական հանդեսի հրա­տարակմանը’ այստեղ լիությամբ դրսևորելով նաև իր խմբագրական տա­ղանդը։ Միաժամանակ Չոպանյանը շարունակեց մանկավարժական գործունեությունը Պոլսի հայոց դպրոցներում. Կեդրոնական վարժարանում նրան են հանձնվում նաև ֆրանսիական գրականության պատմության դասերը։ 1895-ի աղետալի դեպքերը շրջադարձային նշանակություն ունեցան Արշակ Չոպանյանի կյանքում. Պոլսի փողոցներում, Բոսֆորի ափերին նա ականատես եղավ այն ահավոր սպանդին, որ անդառնալիորեն սպառնում էր քաղաքակիրթ մի ամբողջ ազգի գոյությանը: Եվ նույն ժամանակ, երբ գա­վառներում ու մայրաքաղաքում համիդյան կոտորածները իրենց սև գործն էին կատարում, եվրոպական մամուլի օրգանները կամ բազմանշանակ կեր­պով լռում էին, կամ էլ հակահայ հոդվածներով էին լցնում իրենց էջերը:

1895-ի աշնանը Չոպանյանը հեռացավ Պոլսից: Փարիզում սկսվում է նրա կյանքի ու գործունեության նոր, ավելի բեղմնավոր ու նշանակալից շրջանը։ Փարիզում Ա. Չոպանյանր անմիջական կապեր է հաստատում ճանաչված գրագետների հետ, հանդիպումներ ունենում քա­ղաքական դեմքերի հետ, ձեռնարկում իր ֆրանսերեն գրքերի ու ժողովածուների հրատարակությունը։ Չոպանյանր գտնում էր, որ հայ ժողովուրդը քաղաքակիրթ աշխարհին պետք է ներկայանա ոչ միայն իր տառապանքներով ու ցավերով, կոտո­րածներով ու ողբերով, այլև առաջին հերթին իր հերոսական պատմությամբ, իր բարձրարվեստ մշակույթով:

Փարիզում նա հրատարակեց «Հայկական ջարդերը» ֆրանսերեն գրքույկը: Մեծ արձագանք գտավ նաև մեկ տարի անց նրա թարգմանությամբ լույս տեսած «Ջեյթուն» գիրքը՝ (ֆրանսերեն լեզվով) նվիրված 1895 թ. Զեյթունիի հայտնի ապստամբությանը։  1896-1897 թվականներից էլ նա ձեռնամուխ եղավ հայ հին ու նոր գրականության ֆրանսերեն հատընտիր ժողովածուների կազմմանը և ծնունդ տվեց «Անահիտ» ազգային, գրական-գեղարվեստական հանդեսին (1898-1911, 1929-1941, 1946-1949), ուր լայնորեն լուսաբանվում էր հայկական հարցը, հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, ինչպես նաև քաղաքային իրադարձությունները:  “Անահիտը” 30 տարի շարունակ նշանակալից դեր կատարեց հայ ժողովրդի գրականության, նրա մշակույթի զարգացման հարստացման, նաև հայ և օտար ժողովրդների գրական կապերի, նրանց մերձեցման ասպարեզում:

Չոպանյանը հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և միջնադարյան հայրենների ժողովածուները: Չոպանյանը առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել իբրև գեղարվեստական ստեղծագործություն, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ 1908-ի աշնանը կարճ ժամանակով նա եղավ Պոլսում ու Տրապիզոնում։ Տեղի հակահայկական մթնոլորտը վերջնականապես նրան համոզում է իր որոշման իրավացիության մեջ. «Այդ մեկ ամսվա միջոցին ուր հոն մնացի, Պեշիկթաշ՝ ուր կը բնակեի, թուրք ամբոխը երիտասարդ հույն մը բռնելով ոստիկանատուն տարավ ու հոն ոստիկանու­թյան աչքին տակ կտոր կտոր ըրավ… իրիկուն մը որ Ատոմ Յարճանյանին տունը հյուր էի, մեզի ըսին թե հետևյալ օրը խոհեմություն պիտի ըլլար չիջնել Պոլիս, վասն զի մոլեռանդ մահմետականները մտադիր էին ջարդ մը փորձել։ Ատոմ և ես միասին իջանք Պոլիս։ Փակ էին խանութները. Սթամ֊պուլի փողոցները գրեթե ամայի էին. սակավաթիվ անցորդներուն դեմքերը մոայլ ու սպառնագին…»:

Պոլսից այնուհետև Չոպանյանը ուղևորվում է Կովկաս՝ կաթողիկոսական ընտրություններին մասնակցելու համար։ Լինելով էջմիածնում, Երևանում, Աշտարակում, նաև Բաքվում ու Թիֆլիսում՝ մոտիկից ծանոթանում է արևե­լահայության կյանքին, Գևորգ Բաշինջաղյանի ընտանեկան սեղանի շուրջ հանդիպումներ ու զրույցներ ունենում Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Կոմիտասի, Ավետիք Իսահակյանի, Վրթանես Փափազյանի և այ­լոց հետ։ 1910-ականների սկզբին Չոպանյանր արտոնյալ պայմաններով հրավիր­վում է աշխատակցելու «Մշակին»։ Այստեղ մինչև տասնամյակի վերջը նրա ստորագրությամբ հրատարակվում են բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ու քրոնիկներ և գրականագիտական նյութեր:

Հոկտեմբերյան հեղափոխության հարցում Ա. Չոպանյանը  միանգամից չէ, որ կողմնորոշվեց։ Նա չէր համակերպվում Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրի և դրանով իսկ կովկասյան ռազմաճակատից ռուսական զոր­քերի հետքաշման փաստի հետ։ Ահա թե ինչու Փարիզի «Վերածնունդ» ամ­սաթերթի էջերում (որ խմբագրվել է նաև նրա կողմից՝ 1917-1918 թթ.) հանդես եկավ այդ իրողությունը քննադատող հոդվածներով։ Նրա ժառանգության մեջ այսօր հստակորեն գծագրվում է ինքնատիպ բանաստեղ­ծի, արձակագրի, դրամատուրգի, խորազգաց ու բարձրաճաշակ քննադատի, եռանդուն խմբագրի ու հասարակական գործչի, թարգմանչի, բանասերի, ար­վեստագետի և բազմաթիվ այլ շնորհներով օժտված մեծ մտավորականի նվի­րական կերպարը։ Արշակ Չոպանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսե­րեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն, հունգարերեն, ռումիներեն և այլ լե­զուներով ըստ արժանվույն գնահատվելով նաև օտար գրողների ու մտավո­րականների կողմից:

Այսուհանդերձ, Ա. Չոպանյանի գրական ժառանգության լավագույն և ծանրակշիռ բաժինը քննադատությունն է։ Նա քաջատեղյակ էր գրական տարբեր ուղղություննե­րին ու հոսանքներին, շատ խորն էր ըմբռնում դրանց նշանակությունն ու իմաստը։ Շատ խոսուն է ու հետաքրքրական ժամանակակցի՝ Ալեք­սանդր Շիրվանզադեի խոսքը, գրված 1910-ին. «Ես միայն մի մարդ եմ ճա­նաչում հայ մամուլի ղեկավարների մեջ, որ ի մոտո ուսումնասիրել է և սիմ­վոլիզմ, և իմպրեսիոնիզմ։ Այդ մարդը եթե կամենար, կարող էր հայ գրականությունը հարստացնել մի հոյակապ աշխատությամբ այդ ուղղությունների մասին։ Այդ մարդը Արշակ Չոպանյանն է, որ Եվրոպայի սրտում նստած, ունեցել է և ունի բոլոր հարմարությունները, և որ գլխավորն է, տաղանդ ու ճաշակ գրա­կանության ու գեղարվեստական երևույթները հասկանալու և զգալու»։

Չոպանյանն այն բացառիկներից է, որ գրողի առաջին իսկ փոր­ձերում նկատել է իսկական տաղանդի հայտնությունը, խրախուսել նրա զար­գացման ուղին։Արշակ Չոպանյանի բանասիրական ու թարգմանչական գոր­ծունեությունը զուգահեռն ու շարունակությունն էր նրա հասարակական շա­հագրգռությունների, գրականագիտական հղումների ու լիցքերի, իսկ խմբագրական գործը այն ասպարեզը, ուր ամբողջությամբ դրսևորվում են նրա տաղանդի բոլոր կողմերը; «Ծաղիկը» սկիզբ դրեց գրական-գեղարվեստական նոր շարժման, իսկ «Անահիտը»՝ հայ մամուլի պատմու­թյան մեջ մնաց գեղարվեստական և գրականագիտական հանդեսի եզա­կիորեն հարուստ օրինակ։  Չոպանյանի երկարա­տև կյանքը (այն ընդհատվեց 1954-ին՝ դժբախտ պատահարով) բացառիկ նվիրումի օրինակ է իր ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին։

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

«Սիրելի Արշակ,
Երկար ժամանակ է, ուզում եմ քեզ նամակ գրել, բայց այսօր վաղն ասելով ցարդ ուշացաւ:
Արդէն մասնակի տեղեկանում եմ եւ գիտեմ, թէ այժմ ո՛րքան սուրբ ու ազնիւ, քո սիրած ու պաշտած, կշռած ու մարսած գործն ես մշակում` հայուն ապագան է արդ քու հոգածութեանդ առարկան, ուստի բոլոր ուժդ, իրաւամբ, դէպի գերագոյն նպատակն ես ուղղած: Արդէն հայ ազգը քեզ շա՛տ բան է պարտական. դո՜ւն էիր առաջինը, որ լաւ ըմբռնեցիր, թէ մեր ապագան հարթելու համար պետք էր, նախ մեզ օտարներին ծանօթացնել. ցոյց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք… եթէ մեր մէջ տեւականութիւնն ու միութիւնը պակաս է եղած, պակասն այն է, որ ազատ շունչ չենք քաշել, նոյնիսկ մեր իբր-անկախութեան օրերումն իսկ` հալածուելով տգիտութենէն ու խաւարէն, աւերակէն ու աւարէն, սրէն ու հրէն… Բայց աննկուն բան ունենք մեր մէջ, մի անմար յոյս` դէպի ապագայ լուսոյ կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագաւորութիւնն ու իշխանութիւնը կորցնելէն յետոյ, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնադէտ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղէն, անթել կապով, որ մարդիկ` խաւար ու աւարառու ձեռք տալ չը կարողանան եւ գոնէ նորա լուսոյ նշոյլը ցայտէ մեր վերայ եւ մեր ապագայ կեանքը երազենք: Դուն էիր, առաջինը, որ մեր նախնեաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մէջ քաղաքակրթութեան հարազատ զաւակներին, որ մե՜նք եւս իրենց շաւիղ ենք բռնել, մե՜նք եւս իրենց ճամբան ենք քայլել, մե՜նք եւս մեր ձեռքին լոյս բռնել, եւ, թէպէտ ջանացել են դեւերը փչել ու մարել մեր կեանքը, բայց փչողներն են խորտակուել եւ մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք` ապաւինելով գիտութեան ու կրթութեան, որ թէեւ մերն է եղելէ իբր արեւելքի զաւակներ, բայց մեր ձեռքէն դուրս է եկել ու Եւրոպան լուսաւորել. արդ, քանի որ մեզ համար անծանօթ չէ մեր մտքի նախատիպը եւ կարողութիւնը, որ այժմ Եւրոպայէն է, որ մեզ լուսաւորում է, ինչո՞ւ չունենանք մեր իսկ լուսոյ ջահը` մեր ձեռքին: Դո՜ւն էիր առաջինը, որ հրաւիրեց հայի գեղարուեստական ստեղծագործութեանց ծանօթացնելու քաղաքակիրթ աշխարհին… Արդ, հանգիստ վայելի՜ր եւ ուրախացի՜ր, ո՜ւժ առ եւ ո՜ւժ տուր, պի՜նդ կեցիր, որ բարձրացած դարաւոր ազատութեան ձգտող գոհակներն ու ալիքները չը զարնուեն ժայռին ու այս անգամ այլ փշրուեն, որի վերջը թերեւս կորստաբեր լինի մեզ համար»: