«ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Երբ կրթական և գիտամշակութային հաստատության հարկի տակ, ինչպիսին Հայաստանի ազգային գրադարանն է, հավաքվում են գրականագետները, բանասերները, բանաստեղծներն ու արձակագիրները, ի՞նչը կարող է լինել քննարկման թեման. Դե իհարկե՝ գրականությունը և պոեզիան։
Գրական շրջանակներում հաճախ են քննարկում այն փաստը, որ ժամանակակից գրականությունը պատշաճ գնահատանքի չի արժանանում գրականագետների և գրաքննադատների կողմից։ Բայց նրանցից շատերը հետևում են գրական ընթացքին, յուրաքանչյուր տարի լույս են տեսնում բազմաթիվ ուշագրավ գիտական աշխատություններ։
Ընթերցողի սեղանին է դրվել վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիայի պատմության, գեղարվեստական համակարգի ձևավորման համապարփակ վերլուծությունը՝ գրականագիտական մենագրության տեսքով։ Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, «Գրականագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ, հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը։
Իր տեսակի մեջ եզակի մենագրության կարևորության և առանձնահատկությունների մասին խոսեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Գրքի հրատարակման և խմբագրական աշխատանքներից խոսեց գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։ Հանդիպմանը իրենց գրական կարծիքը հայտնեցին նաև բանաստեղծ, գրականագետ, բ.գ.թ. Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը և գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը։ Միջոցառմանը ներկա բանաստեղծների գործերից կարդացին Ազգային գրադարանի ընթերցողներ Սրբուհի Հախվերդյանը, Իրինա Շախյանը և Սյուզան Սահակյանը։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ մենագրության հեղինակ Սուրեն Աբրահամյանը։

Վերադառնալ »