
Առաջին Հանրապետության մասին բազմաթիվ գրքեր են տպագրվել, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի տարբեր կրթական, քաղաքական, մշակութային օջախներում։ Անկախության տասնամյակներին, նույնպես, արժեքավոր գրականություն է հրատարակվել ու վերահրատարակվել: Պատմությունն այժմ հանրությանը ներկայանում է բազմակողմանի աղբյուրներով։
Այս առումով հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Ազգային գրադարանի Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք գրացուցակը, որտեղ կան Առաջին Հանրապետության տարիներին լույս տեսած թերթերի ամբողջական թվայնացված տարբերակները։

Վահան Նավասարդյան, Հայաստանի անկախությունը, (Ժնեւ, 1924թ.)

Սիմոն Վրացյան, Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, (Պէյրութ, 1953)

Լեւոն Շանթ, Մեր անկախութիւնը, (Պոսթըն 1925)

Թերթելով արժեքավոր այս հրատարակությունները կարելի է պատկերացում կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: 1918թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան նաեւ Աստվածատուր Խաչատրյանի «Արեւելահայ եւ թուրք դիվանագիտական հարաբերությունները» գրքում։

Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի հետազոտության համար առաջնային նշանակություն ունեն պետության ստեղծմանն ու կայացման գործում մեծ ներդրում ունեցած գործիչների հրատարակված հուշերը՝ Ալեքսանդր Խատիսյանի, Թովմաս Նազարբեկյանի, Սիմոն Վրացյան: Առանձնակի արժեք եւ կարեւորություն ունեն Արամ Մանուկյանի մասին հուշերը, որոնք 1969-ին հրատարակվել են առանձին գրքով, իսկ 1991-ին՝ վերահրատարակվել Երեւանում: Ուշագրավ է նաեւ Սարդարապատի ճակատամարտի մասնակից կապիտան Ալեքսանդր Շնեուրի հուշագրությունը, որը թույլ է տալիս մարտական գործողությունների նկարագրությանը ծանոթանալ նաեւ օտարազգի զինվորականի աչքերով։
Գրատպության թանգարանի այցելուները ցուցադրությունը դիտելուն զուգահեռ հնարավորություն ունեցան լսելու նաև Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Գայանե Կարապետյանի զեկույցը՝ նվիրված Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-ամյակին։