Անձեռնմխելի գրականության բաժին

Անձեռնմխելի գրականության բաժինը Ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը հավաքում, պահպանում և սպասարկում է հայերեն և հայատառ տպագիր նյութերի/ գրադարանային փաստաթղթերի /բոլոր տեսակները՝ տպագրված՝ 1512 թվականից մինչև մեր օրերը, ռուսերեն և այլալեզու հնատիպ գրականությունը, ինչպես նաև հազվագյուտ, հայագիտական, պատմական, մշակութային և թանգարանային արժեք ներկայացնող հրատարակությունները՝ անկախ տպագրման վայրից և ժամանակից, ինչպես նաև՝ նշանավոր գործիչների անձնական գրադարանները: Անձեռնմխելի գրականության բաժնի պատմությունը սկսվում է 1928 թվականից, երբ Հայաստանի Պետական Հանրային գրադարանի հազվագյուտ և հնատիպ գրքերը, որը կազմել է 2000 միավոր, հավաքվել են առանձին պահարաններում, և գրապահոցին կից ստեղծվել է ունիկումների ենթաբաժին: 1931թ. գրադարանի ֆոնդերից առանձնացվել է մեկական օրինակ, և ստեղծվել անձեռնմխելի (արխիվային) հավաքածուն: 1940թ. ունիկումների ենթաբաժինը վերակազմավորվել է որպես հնատիպ և հազվագյուտ գրականության բաժինկից ընթերցասրահով: 1943թ. ՀՍՍՀ ժողկոմխորհի հունիսի 2-ի «Հայերեն լեզվով տպագիր արտադրանքը Հայկական ՍՍՀ պետական հանրային գրադարանում կենտրոնացնելու մասին» որոշման համաձայն՝ հայկական անձեռնմխելի հավաքածուն միացվել է հնատիպ և հազվագյուտ գրականության բաժնին, և կազմավորվել Հնատիպ, հազվագյուտ և անձեռնմխելի գրականության բաժինը: 2016թ. մարտի 1-ից «Հայաստանի ազգային գրադարան » ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 2016 թվականի հունվարի 8-ի N-01 հրամանի համաձայն՝ Հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժինը վերանվանվեց՝ Անձեռնմխելի գրականության բաժին: ՀՀ կառավարության 24 նոյեմբերի 2016 թվականի N 1204-Ն որոշման համաձայն Հայաստանի ազգային գրապալատը վերամիավորվեց Հայաստանի Ազգային գրադարանին: « Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 17. 02.2017թ. թիվ 19-Լ հրամանի համաձայն Անձեռնմխելի գրականության բաժնում ստեղծվեց ևս մեկ ենթաբաժին՝ Ազգային գրադարանային հավաքածուի, նախկին գրապալատի հավաքածուների համար: Բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներն են

• ՀԱՅ ԳՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ

• ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺԻՆ

• ՀԱՅ ԳՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ /1851 ԹՎԱԿԱՆԻՑ/ ԵՆԹԱԲԱԺԻՆ

• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ

• ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԵՆԹԱԲԱԺԻՆ

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի հավաքածուն 01.01. 2019 թվականի դրությամբ կազմում է՝ 445. 353 միավոր գրականություն: Բաժնում կատարվում է գրանցամատյանների գրանցում, գրացուցակների և քարտարանների կազմում, հավաքածուների պահպանում և սպասարկում: Բաժինը մասնակցում է ազգային գրադարանի հավաքածուների /գրքերի և մամուլի/ սքանավորման աշխատանքներին: Ավարտվել են հայերեն հնատիպ /1512-1800թթ./, հայերեն 1801-1875թթ. գրքային հավաքածուի թվայնացման աշխատանքները (տես http://www.nla.am/Շտեմարաններ):
Բաժինն իր ընթերցասրահով գտնվում է վարչական մասնաշենքի 3-րդ հարկում և միաժամանակ կարող է սպասարկել 24 ընթերցող: Ընթերցասրահը սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00 — 17:30