Ալեքսանդր Սպենդիարյան-150

Փարիզում կայացած «Ալմաստ» օպերայի 1951թ ազդագիրը, «Ալմաստ» օպերայի Երևանյան առաջին բեմադրության ազդագիրը, Կոնսերվատորիայի առաջին համերգի ազդագիրը, «Ջիների թագավորի յոթ դուստրերը» բալետի ծրագիրը, Սպենդիարյանի ստեղծագործական գործունեության 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ծրագիրը, մի շարք ձեռագիր բացառիկ նամակներ, նոտաներ և լուսանկարներ, գրքեր և ձայնապնակներ տեղ էին գտել «Հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացված ցուցահանդեսում։

Ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի նոտային-երաժշտական գրականության բաժնի ֆոնդերի հարուստ նոտաների հավաքածուն ևս ցուցաանդեսի մաս էր կազմում։

Ցուցահանդեսը կազմակերպվեց միջթանգարանային համագործակցության շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Բացմանը ներկա էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցները՝ տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ ֆոնդապահ Մարինե Մուշեղյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները ևս մասնակցում էին ցուցահանդեսին։

Տիկին Մարինե Օթարյանը ողջունելով Հայաստանի ազգային գրադարանի համատեղ ցուցահանդեսների նախաձեռնությունը՝ Ազգային գրադարանին նվիրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը հրատարակած դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը դիրիժորը գրել է՝ տասնամյակներ շարունակ ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը իր խոսքում հավելեց, որ համատեղ ցուցահանդեսները և ծրագրերը կլինեն շարունակական։ Առաջիկա ծրագրերի մասին կհաղորդենք հաջորդիվ։

#եվրոպական_ժառանգության_օրեր

#միջթանգարանային_համագործակցություն

#Ալեքսանդր_Սպենդիարյան_150

Վերադառնալ »