«Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս»

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում այսօր Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում  բացվեց ևս մեկ բացառիկ ցուցահանդես՝ «Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս» խորագրով՝ Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի հետ համատեղ:

Ցուցադրությանը ներկայացված նյութերը նվիրված էին ինչպես Ա.Ս. Գրիբոյեդովին, նրա դիվանագիտական առաքելությանը Կովկասում, Խմելիտա ընտանեկան կալվածքին, այնպես էլ գրողի ստեղծագործությունների հազվագյուտ հրատարակությունները ռուսերեն և հայերեն լեզուներով՝ ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի անհատատական հավաքածուների ենթաբաժնի՝ Նիկողայոս Արղությանի, Լեոյի, Նիկոլայ Ղորղանյանի և Լազարյան ճեմարանի գրադարանի հավաքածուներից բացառիկ օրինակներ:

Բացմանը ողջույնի խոսք ասաց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ևս ողջունեց ներկաներին՝ կարևորելով հայ-ռուսական մշակութային կապերը և այս առումով Ազգային գրադարանի կարևոր առաքելությունը:

Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի տնօրեն Ն.Վ. Կուլակովան կարևորելով ցուցահանդեսի բացումը հենց Ազգային գրադարանում, հուշանվերներ և գրքեր նվիրեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինին և ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանին:

Ցուցադրությունը ներկայացրեց ՀԱԳ Արտաքին կապերի բաժնի աշխատակից Սառա Զոհրաբյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո «Ալեքսանդր Գրիբոյեդովի առաքելությունը Կովկասում. ճանապարհ դեպի խաղաղություն» թեմայով հանրային դասախոսությամբ ելույթ ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մ.Վ. Սկորոխոդովը։

Հայաստանի ազգային գրադարանի և Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համատեղ ցուցադրությունների և համաժողովների կազմակերպման, մասնագետների փոխադարձ այցելությունների, համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ: