Ազգային գրադարանի Հրատարակությունների գրանցման ԵՎ ինդեքսավորման բաժինը կտրամադրի նաԵՎ DOI միջազգային ստանդարտ համարներ

Հայաստանի ազգային գրադարանը 2020թ. հոկտեմբերին պայմանագիր է կնքել Publishers International Linking Association, Inc. (PILA) ընկերության հետ, ըստ որի՝ որպես PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպություն, մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միացնելու ծառայություններ՝ թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով համաշխարհային գիտական ամսագրերի հրապարակումների միջև խաչաձև կապ ապահովելու համար:

Միջազագային DOI-ի հիմնադրամի՝ թվային օբյեկտի նույնականացման գրանցման պաշտոնական գործակալությունը՝ Crossref-ը, միավորում է ակադեմիական հրապարակումների (ամսագրերի, մենագրությունների, գիտաժողովների նյութերի ժողովածուների) հրատարակիչներին: 2000թ. ստեղծված գործակալության նպատակը հոդվածներում մատենագիտական հղումների հուսալի համակարգի ձևավորումն է:

Ազգային գրադարանի Հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժինն այժմ ISBN, ISMN և ISSN միջազգային ստանդարտ համարներից բացի կտրամադրի նաև DOI ստանդարտ համարներ: Գիտական հոդվածների հեղինակ մեր բոլոր հայրենակիցներն իրենց հոդվածների անհատական համարները կարող են ստանալ՝ դիմելով ազգայինի վերոնշյալ բաժին, Քրիստինե Մաթևոսյանին՝ 010529814 հեռախոսահամարով: